Ադրբեջանը պատրաստվում է գերժամանակակից բայրաքթարներ արտադրել
Շուշիի հռչակագրի վավերացումից և Թուրքիայի հետ «մեկ ազգ, մեկ բանակ» գաղափարախոսությունը որդեգրելուց հետո Ադրբեջանը սկսում է թուրքական սխեմայով անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Ադրբեջանի պետական կառույցները հետաքրքրված են թուրքական «Akınçı» անօդաչու թռչող սարքերով։ Թուրքական ավիաշինական «Baykar» ընկերությունը ցանկանում է այս տեխնոլոգիան զարգացնելու նախաձեռնություն իրականացնել Ադրբեջանում։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ սա պատահական չէ․ Հայաստանի հարևան պետությունները ռազմաքաղաքական համագործակցությունն էլ ավելի են խորացնում։
«Խոսքը գերժամանակակից, հզորագույն սարքի մասին է։ Այս սարքի տեխնոլոգիան թուրքերը համաձայնել են վաճառել Ադրբեջանին, քանի որ արդեն մեկ բանակ է դարձել այդ պետության հետ»,- նշեց Համբարձումյանը։
Ըստ նրա՝ այս ԱԹՍ-ները ռազմավարական նշանակություն ունեն, ավելի մեծ հեռավորության վրա են աշխատում, ավելի լուրջ սպառազինություն են կրում, բացի այդ, կարող են կրել թևավոր հրթիռներ։
«Ադրբեջանը Թուրքիայից թևավոր հրթիռներ է ձեռք բերում, որոնք «Akınçı» ԱԹՍ-ներով կարող են մինչև 250 կմ թռչել։ Այս հրթիռները կարող են հակաօդային պաշտպանությունը ճեղքել»,- ներկայացրեց ռազմական փորձագետը։
Նրա խոսքով՝ վերը նշված ԱԹՍ-ները օդում կարող են մնալ 24 ժամ, կրել 1350 կգ մարտական լիցք (զենք) և հարվածել 8 կմ բարձրությունից։
«Բացի այդ, այս ԱԹՍ-ները կարող են նորագույն ավիառումբեր կրել, որոնք կարող են 30 կմ հեռավորությունից թիրախ խոցել։ Եվ ամենակարևորը՝ այս սարքի օպտիկա-էլեկտրոնային սարքերը արտադրվում են Թուրքիայում»,- ներկայացրեց նա։
Հավելենք, որ «Akınçı» ԱԹՍ-ները թուրք-ուկրաինական արտադրության են, քանի որ շարժիչը համալրված է ուկրաինական «АИ-450С» շարժիչներով։
Նարե Գևորգյան
Comments