top of page

Ադրբեջանի՝ գերիներին վերադարձնելու դիմաց պահանջը խորքային իմաստ ունի, որը չենք հասկանում․ Ադիբեկյան



Ես չհասկացա, թե ինչու է թեման հիմա «բուսնել» և ինչու են այս իշխանություններից ուզում, եթե նրանք տեղեկություն չունեն բացարձակապես, ու դա այն ինֆորմացիան չէ, որը կարելի էր գաղտնի պահել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով երեկ հայրենիք վերադարձած 8 ռազմագերիների դիմաց ադրբեջանական կողմին առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների եղբայրական գերեզմանոցների մասին ինֆորմացիա հայտնելու լուրին։


Նրա խոսքով՝ եթե առանց որևէ խոսքի հայկական կողմը ականապատ տարածքների քարտեզներն է նվիրում, գերեզմանների տեղն ի՞նչ է որ չասեին։


«Առաջին պատերազմից հետո չափազանց շատ ընդհանուր եղբայրական գերեզմաններ են մնացել ու այն ժամանակ, երբ ադրբեջանցիներին ասվում էր, որ գան իրենց դիակները հավաքեն տանեն, իրենք հրաժարվում էին, չէին գալիս տանում և հայկական կողմը ստիպված էր այդ դիակները մեկ ընդհանուր գերեզմանում հուղարկավորել, դա պատմական փաստ է, բայց տարիներ շարունակ Լևոն Մելիք-Շահնազարյանն իր կայքի միջոցով նաև առերեսման ժամանակ առաջարկում էր, քարտեզներ էր տպագրում, թե որտեղ են իրենց գերեզմանները գտնվում։ Այսինքն, դա այնքան հանրահայտ փաստ է, որ անգամ մարդիկ, որոնք տեղեկություն չունեն պատերազմի մասին, ի վիճակի են մտնել և տեղեկանալ այդ գերեզմանների մասին»,- ասաց Ադիբեկյանը։


Ադրբեջանագետի համար անհասկանալի է, թե ինչ են ուզում դրանով ասել, սակայն ընդգծում է․


«Կարևորը պետք է հասկանալ, որ առաջին հերթին այդ գերեզմանները առաջացել են բուն ադրբեջանցիների պատճառով, որ Հեյդար Ալիևը հրաժարվեց դիակները հավաքի՝ ինչ-ինչ պատճառով, որովհետև այդ դիակները հարազատներին ուղարկելը այդ ժամանակ իր աթոռը կսասաներ, քանի որ ինքը նոր էր եկել իշխանության։ Բացի այդ, այս իշխանությունները չգիտեն, իսկ երրորդը՝ նրանք անցած տարի արդեն մի քանի նման գերեզմանոց բաց էին արել և անգամ ԴՆԹ թեստեր էին հավաքել այն մարդկանցից, ում հարազատները առաջին պատերզմի ժամանակ անհետ կորել էին։ Այսինքն այստեղ ինչ որ խաղ կա, որը դեռ չենք հասկանում, թե ինչին է միտված։ Ես տեղեկություն չունեմ, բայց սա անհեթեթ պատճառ է, որը որևէ իմաստ չունի։ Միգուցե ինչ որ խորքային իմաստ կա, որը կիմանանք ժամանակի ընթացքում, բայց դա հիմա չի երևում։ Հիմա այդ գերեզմանները բոլորը գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ և ցանկության դեպքում նրանք կարող են վերականգնել այդ տեղերը՝ ունենալով ժամանակակից տեխնիկա և բոլոր մարտերի նկարագիրը, որտեղ մարտ է եղել, այնտեղ, իհարկե, կային դիակներ և այդ դիակներն, իհարկե, ոչ մեկ չի տեղափոխել, հենց տեղում էլ թաղել են, դա այն թեման չէ, ինչի համար նրանք կարող էին դիմել այս իշխանություններին»։


Հարցին, արդյոք հնարավոր է, որ այս տեղեկությունը Ադրբեջանին պետք է միջազգային հանրության մոտ շահարկելու, ինչու ոչ նաև հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու՝ թուրքագետը պատասխանեց․ «Իրականում ես Ադրբեջանի հնարամտության վրա մի վայրկյան չեմ կասկածում, քանի որ նրանք անգամ 100 տարի առաջվա հայտնաբերած ոսկորները, այսպես կոչված, Ղուբայի հուղարկավորումը, որտեղ 200 կմախք էին գտել, հաջողացրեցին հանրությանը որպես տարբեր զոհեր «վաճառել»։ Ներքին հանրությանը դա ներկայացրեցին, որպես հայերի կողմից ցեղասպանված ադրբեջանցիներ, հրեաներին «վաճառեցին» որպես 200 հրեա, որոնց ցեղասպանել են հայերը, և Ռուսաստանին որպես ռուսական բանակ, որոնց էլի մորթել են հայերը, դրա համար նրանց հնարամտության վրա ես չեմ կասկածում, բայց անհեթեթություն է, որովհետև պատերազմ էր, և բնական է, որ այդ պատերազմի ժամանակ մարդիկ են զոհվում և զոհերի քանակն էլ մոտավորապես նշված է, որ մահացել է մոտ 25 հազար մարդ, որից 6-7 հազարը հայկական կողմից էր, իսկ մնացածը՝ ադրբեջանական»։


Արմինե Նավոյան

Komentarai


1/488

LATEST NEWS​​

bottom of page