Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա
ՀՀ տարածքում փետրվարի 13-ին եղած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։
Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։
«Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է: Օրինկ, նույն Երևանում շատ մարդիկ կան, որ ասել են՝ չեն զգացել, կան մարդիկ, որոնց նկարագրությունից երևում է, որ շատ ուժեղ են զգացել: Եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում: Ես ինքս 8-րդ հարկում եմ ապրում, երկրաշարժի ժամանակ հանգիստ ընտանիքով գնացեինք կանգնեցինք այնտեղ, որպտեղ պետք է կանգնենք»,-ասաց Սոս Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Comments