Վարդենիսի ավագանու առաջին նիստն ապօրինի կճանաչվի՞․ հայտնի է դատարանի որոշման հրապարակման օրը
«Երեկ՝ հունվարի 31-ին Վարչական դատարանում տեղի ունեցավ իմ դիմումի քննությունը»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը։ Մելքոնյանը նշեց, որ նիստին ինքը ներկա չի եղել, իր կողմից ներկայացել է լիազորված անձը։
«Վաղը ժամը 16:00-ին դատարանը կհրապարակի որոշումը։ Կարծում եմ` ճիշտ որոշում կկայացնի։ Ամեն դեպքում, սպասենք վաղվան»,- ասաց Մելքոնյանը։
Նա չցանկացավ խոսել իր հետագա պլանների մասին, նշելով, որ դրանց մասին կխոսի վարչական դատարանի որոշման հրապարակումից հետո։ Նշենք, որ Մելքոնյանը վարչական դատարանում վիճարկել էր հունվարի 4-ին տեղի ունեցած ավագանու նիստը։ Որպես վիճարկման հիմք` Մելքոնյանը նշել է, որ նիստը ապօրինի է կայացել, քանի որ նախ մեկ ժամվա ընթացքում չի կայացել, ապա պետք է ավագանու բոլոր 27 անդամները պատշաճ ծանուցվեին նոր նիստի մասին, ինչը տեղի չի ունեցել և ընդդիմադիր երկու ուժերի ավագանու անդամները հավաքվել են և համայնքի ղեկավար են ընտրել առանց ավագանու մի մասի ներկայության և իմացության։
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում երեք ուժ է հաղթել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը կոալիցիոն հուշագիր են ստորագրել ու ավագանու 14 հոգանոց կազմով նախորդ տարվա վերջին ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին: Արմինե Նավոյան
Comments