Փաշինյանի ուշագրավ ակնարկը․ բացահայտվում է Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը
Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կային բազմաթիվ օբյեկտիվ արձանագրումներ, սակայն բաց էր մնում հարցը՝ ինչո՞ւ է Սարգսյանը հիմա խոսում դրանց մասին և առավել ևս՝ հիմա հայտարարում հրաժարականի մասին, երբ այդ խնդիրները երեք- չորս տարի գոյություն են ունեցել։ Սարգսյանը հավելյալ պարզաբանումներ չի տվել, գոնե՝ այս պահին, բայց նրա հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի հրապարակային հայտարարություններ է արել, որոնք, կարծես, լույս են սփռում Լոնդոնից հնչած անակնկալ հրաժարականի հանգամանքների վրա։ Արմեն Սարգսյանի հրաժարականի հենց հաջորդ օրը Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, իհարկե, ուղիղ տեքստով չանդրադարձավ Սարգսյանի հրաժարականի հանգամանքներին, սակայն շտապեց հայտարարել, որ նոր նախագահը պետք է ապահովի «քաղաքական ներդաշնակություն»։
Տպավորություն ստեղծվեց, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Փաշինյանի «հորդորով», որովհետև խախտել է «քաղաքական ներդաշնակությունը»։ Այս կարծիքն ավելի ամրապնդվեց երեկ, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ նախագահական ընտրություններին, այս անգամ՝ ՔՊ առաջադրած թեկնածուին։ «Կարևոր է, որ իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն»,- ասել է վարչապետը։ Դարձյալ միանշանակ տպավորություն ստեղծվեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը «հրահրվել» է Փաշինյանի կողմից, որովհետև նա մոնոլիտ իշխանություն ձևավորելու խնդիր ունի, իսկ Արմեն Սարգսյանն, ըստ ամենայնի, «հակադիր շարժում» է եղել։ Էլ չենք ասում այն մասին, որ անցած օրերին Արմեն Սարգսյանի մասին իշխանական պատգամավորները հնչեցրել են ավելի արմատական գնահատականներ։ Օրինակ, Հովիկ Աղազարյանը նրան փաստացի անվանել է «անգլիական գործակալ»։ Ճաշակի ու ընկալումների հարց է․ իշխանության համար կարևորն այն է, որ Բաղրամյան 26-ը նույնպես՝ արդեն ՔՊ վերահսկողության տակ է։
Վահրամ Բագրատյան
Comments