Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին. հայտնում է 1tv.ge-ն։
«Վրաստանի պաշտպանության ուժերի նյութատեխնիկական հնարավորություններն էլ ավելի են ուժեղանում։ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ բարելավելու Մառնեուլիի օդանավակայանի նյութատեխնիկական և պաշտպանության ուժերի հնարավորությունները», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նրանց տվյալներով՝ տեխնիկական միջոցների պաշտոնական փոխանցման արարողությունն իրականացվել է Վրաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման հրամանատարության Օրխեւի տրանսպորտային բազայում։ Վրաստանի պաշտպանության նախարարն անձամբ տեղում զննել է հատուկ տեխնիկան, ծանոթացել դրանց տեխնիկական հնարավորություններին։ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին՝ նյութատեխնիկական ապահովման սարքավորումները հանձնելու համար։
Սարքավորումը փոխանցվել է Թուրքիայի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագրի» շրջանակներում։ Թուրքական կողմը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել 11 միավոր նյութատեխնիկական ապահովման մեքենաներ, երկու միավոր միկրոավտոբուս, երկու միավոր տրակտոր եւ տարբեր տեխնիկական միջոցներ։ Վրաստանն ու Թուրքիան երկար տարիներ սերտ և հաջող համագործակցում են պաշտպանության ոլորտում։ Թուրքիայի կողմից առաքված հատուկ տեխնիկայի արժեքը այս փուլում կազմում է 597 722,69 դոլար։
Արարողության ընթացքում ընդունման ակտերը ստորագրել են պաշտպանության ուժերի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գնդապետ Սերգո Նինուան և զորքերի նյութատեխնիկական ապահովման հրամանատար, գնդապետ Կախաբեր Տաբատաձեն:
Kommentare