top of page

Չվերթ բացելու գաղափարը ժեստ է՝ ցույց տալու կողմերի միջև կառուցողական բանակցությունները․ թուրքագետ



Չվերթը ևս մեկ ուղի է, որով սերտանում են հայ-թուրքական հարաբերությունները։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ խոսելով Երևան-Ստամբուլ բացված չվերթների մասին։


«Երևան-Ստամբուլ թռիչքները հայ-թուրքական հարաբերությունների, ընդամենը, մի փոքր բաղադրիչն են, քանզի, եթե մի օր վերջնականապես վերականգնվեն երկրների միջև հարաբերությունները՝ կարելի է ասել՝ բազմաթիվ ոլորտներ կան, որոնք կգնան համագործակցության, հատկապես տնտեսական ոլորտը։ Թուրքիան ևս նշել է, որ Հայաստանը բավականին հզոր, տարանցիկ պոտենցիալ ունի և ՀՀ տարածքում կարող են իրականացվել մի շարք միջազգային նախագծեր, որոնք օգտակար կլինեն կողմերի համար»,-ասաց թուրքագետը։


Խուդավերդյանը հիշեցրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Թուրքիան ճանաչեց ՀՀ անկախությունը, մեր երկրին հրավիրեց նաև անդամակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը։ Մասնագետի խոսքով՝ միշտ էլ, թեկուզ փոքր քայլերով, եղել են հարաբերությունները լավացնելու առաջարկներ։


«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ և դրանք պետք է լինեն զուգահեռ։ Չվերթ բացելու գաղափարը փոքր ժեստերից է, որ ցույց տան կողմերի միջև կառուցողական բանակցություններ»,-նշեց թուրքագետն ու հավելեց՝ սա նաև դրական է անդրադառնալու առևտրի առումով, քանի որ, ամեն դեպքում, կողմերի միջև առևտուր եղել է նույնիսկ երրորդ երկրի միջնորդությամբ։


Ադրբեջանի հետ հարաբերությունները մոտ ժամանակներս չեն կարգավորվի, բանախոսի պնդմամբ՝ եթե կա սահմանազատման և սահմանագծման խնդիր, գերիների հարց, նույն հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ պատկերացնել դեռ հնարավոր չէ։ «Տարիների թշնամանքը միանգամից չի վերանա, անվտանգության խնդիր է առաջանում, որ այլևս պատերազմ չլինի»։


Լիաննա Թորոսյան

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page