Սյունիքի մարզի 37 բնակավայր թշնամուց հրաձգային զենքի կրակի հեռավորության վրա է գտնվում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի 37 բնակավայր փաստացի դառնալով Ադրբեջանին սահմանակից՝ ընդգրկվել է սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ցանկում։
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի խոսքով՝ նախքան պատերազմը, Սյունիքի մարզից չկար որևէ բնակավայր, որ ընդգրկված լիներ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։
«Սիսիանի տարածաշրջանում շատ բնակավայրեր կան, որոնք Նախիջևանի հետ սահմանակից են, բայց սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկված չեն։ Սոցիալական աջակցությունից օգտվում են այն բնակավայրերը, որտեղ մարդկանց տները գտնվում են հակառակորդից հրաձգային զենքի կրակի հեռավորության վրա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։ Ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների մի մասի համար բնակիչները փոխհատուցում ստացել են։ Մարտիրոսյանն ասում է՝ փոխհատուցում տրվում է միայն այն դեպքում, եթե անասունի՝ սահմանն անցնելու փաստը հաստատում են սահմանը հսկող ՀՀ ուժային կառույցները․
«Եղել են դեպքեր, որ մարդիկ կարծել են, թե անցել է ու հայտնել են այդ մասին, բայց մի քանի օր հետո անասունը վերադարձել է։ Բայց բոլոր այն դեպքերում, երբ անասունը չի վերադարձել, փոխհատուցում տրվել է կամ տրվելու է, ընթացքի մեջ է»,- վստահեցնում է նա։ 2021թ․ ընթացքում Սյունիքի 37 բնակավայրերի բնակիչների օգտագործած գազի, էլեկտրական էներգիայի ու ջրի վճարները, ինչպես հավաստիացրեց Մարտիրոսյանը, 50 տոկոսով փոխհատուցվել են։
«Այն բնակավայրերը, որտեղ գազ չկա, էլեկտրական էներգիայի փոխհատուցման ծավալն ավելացվել է։ Յուրաքանչյուր ամսվա վերջում մենք ստանում ենք շահառու բնակիչ-բաժանորդների ցանկը և թե որքան են սպառել ամսվա ընթացքում։ Դրանց հիման վրա էլ վճարումն իրականացնում ենք»,-նշեց Մարտիրոսյանը։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով՝ միայն Սյունիքում 37 բնակավայր հայտնվել է թշնամու ուղիղ թիրախում։
Comments