top of page

Ռուսաստանն «Իլ-76»-ի կործանումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել


Ռուսաստանը Բելգորոդի մարզում «Իլ-76» ինքնաթիռի կործանումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին, և մենք շատ հուսով ենք, որ Ֆրանսիայի նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և կնշանակի նման հանդիպում որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա: Լավրովն ասել է, որ ուկրաինացի ռազմագերիները ուղարկվել են Բելգորոդի շրջան՝ Մոսկվայի և Կիևի միջև համաձայնեցված հաջորդ փոխանակումն իրականացնելու համար։


«Այս փոխանակման փոխարեն ուկրաինական կողմը Խարկովի մարզից խոցել է այս ինքնաթիռը զենիթահրթիռային համալիրներով, ինչը դարձել է ճակատագրական»,- հավելել է նա։


Ինչպես հայտնել ենք, չորեքշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի զինվորական, որոնք տեղափոխվել են փոխանակման նպատակով, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բոլոր ուղևորները մահացել են։


Այս տեղեկությունը հաստատել են ՊՆ-ից՝ հավելելով, որ Կիևը գիտեր Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մոտալուտ փոխանակման և փոխադրման մասին։ Նրանք նաև պարզաբանել են, որ բեռնատար ինքնաթիռը մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից թռչում էր Բելգորոդ։ Վթարից առաջ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն տեխնիկան արձանագրել է ուկրաինական 2 հրթիռի արձակում Խարկովի մարզի Լիպցի շրջանից։


Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ ինքնաթիռը խփվել է կա՛մ ամերիկյան Patriot համալիրից, կա՛մ գերմանական IRIS-T-ից։ Ինչպես հայտնել է Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը, անձնակազմին հաջողվել է զեկուցել արտաքին ազդեցության մասին։

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page