ՌԴ-ն Բելառուս է տեղափոխել 30 հազար զինվորականի. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը Բելառուսի տարածք է տեղափոխել մոտ 30 հազար զինվորականի, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումներ, ինչպես նաև Սու-35 կործանիչներ, «Իսկանդեր» հրթիռային համակարգեր և հակաօդային պաշտպանության С-400 համալիրներ. հաղորդում է DW պարբերականը։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ «դա ռուսաստանյան զինուժի ամենանշանակալի ներկայությունն է Բելառուսում «Սառը պատերազմի» ավարտից ի վեր։
«Եվ դա տեղի է ունենում Ռուսաստանի միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ», - ասել է Դաշինքի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, Կիևը ռուս-բելառուսական զորավարժություններում Ուկրաինայի համար վտանգ չի տեսնում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ իրենց զինված ուժերը պատրաստ են իրավիճակի ցանկացած փոփոխության։
Մինսկ է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Բելառուսի տարածքում անցկացվում են «Դաշնակցային վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունները, որոնք ամենախոշորն են Միութենական պետության ստեղծումից ի վեր։
Comments