ՔՊ-ն հաստատեց․ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ շատ երկար քննարկումների արդյունքում է նման որոշում կայացվել.
«Շատ երկար է եղել քննարկումը, տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո նման որոշում կայացրինք, դժվար է երկու բառով ասել՝ ինչու՞ հենց Վահագն Խաչատուրյանին: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է նախագահի թեկնածուին, և շատ լավ կիրականացնի նախագահի համար նախատեսվող պարտականությունները»,-ասաց նա և հավելեց, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է մի քանի հոգու կողմից
Ալեն Սիմոնյանը հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Վահագն Խաչատուրյանին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը. «Խաչատուր Սուքիասյանը որևիցե կապ չի ունեցել որոշման հետ, նա վարչության քննարկումներին չի մասնակցում, չի էլ կարող մասնակցել, քանի որ չի հանդիսանում վարչության անդամ: Քննարկումը տեղի է ունեցել առաջինը վարչության ֆորմատով, հետո նաև խմբակցության հետ է քննարկվել»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, որ իր թեկնածությունը ևս քննարկվել է, սակայն ինքնաբացարկ է հայտարարել: Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնի համար քննարկվել է շուրջ 5-6 թեկնածություն:
Comentarios