top of page

Քաղաքացին զանգել է ոստիկանություն, հայհոյել վարչապետին և ԲՏԱ նախարարին․ հարուցվել է քրգործ


ՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021 թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Կայացվել է «ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռը


Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան, գտնվելով Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին և ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելու պատճառաբանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Այդ կերպ նա դիտավորությամբ ծանր վիրավորանք հասցրել վերջիններիս:


Քրեական գործը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ 2021թ. նոյեմբերի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

2022 թ. փետրվարի 2-ի դատավճռով Փ. Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:

Դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:

Մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:

214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 8 քրեական գործ, որոնցից մեկով՝ վերոնշյալով, կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուսներով դատական քննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազությունը հասարակության բոլոր անդամներին հորդորում է ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ոչ միայն անխուսափելի քրեական պատասխանատվության չենթարկվելու, այլև հանրային խոսակցական և վարքագծային մշակույթում ատելության խոսքն օրինաչափության չվերածելու, հանրային համակեցության և համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար:

Հարկ է հաշվի առնել նաև, որ հայհոյանքով, անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքով ուղեկցվող խոսույթն ինքնին նաև այլ բնույթի հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող էական գործոն է:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page