top of page

Պրոստատիտ և դրա տեսակները․ Ե՞րբ է պետք դիմել բժշկի


Պրոստատիտը շագանակագեղձի հիվանդություն է, որը սովորաբար կապված է բորբոքման հետ: Տղամարդկանց մոտ այն հաճախ առաջացնում է ցավոտ կամ դժվար միզարձակություն (դիզուրիա), ինչպես նաև ցավեր աճուկում, կոնքի կամ սեռական օրգանների շրջանում: Բակտերիալ վարակները առաջացնում են պրոստատիտի որոշ, բայց ոչ բոլոր դեպքերը:

Շագանակագեղձը մոտավորապես ընկույզի չափի կենտ գեղձ է, որը գտնվում է տղամարդկանց միզապարկի տակ: Այն շրջապատում է միզուկի վերին հատվածը, որով մեզը արտահոսում է միզապարկից:

Սովորաբար տարբերում են պրոստատիտի չորս տեսակ.

Սուր բակտերիալ պրոստատիտ՝ շագանակագեղձի բակտերիալ վարակ, որը սովորաբար ընթանում է հանկարծակի, սուր ախտանիշներով:

Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ՝ մշտական կամ կրկնվող բակտերիալ վարակ, որը սովորաբար ընթանում է ավելի քիչ արտահայտված ախտանիշներով:

Քրոնիկ պրոստատիտ կամ կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ՝ մշտական կամ կրկնվող կոնքային ցավ և միզուղիների ախտանշաններ՝ առանց վարակի նշանների:

Ասիմպտոմատիկ (անախտանիշ) բորբոքային պրոստատիտ՝ բորբոքված շագանակագեղձի նշաններ առանց ախտանիշների:

Շագանակագեղձի բորբոքման գանգատներն ու ախտանիշները կարող են տարբեր լինել՝ կախված հիվանդության տեսակից:

Դրանք կարող են ներառել՝

միզելիս ցավ կամ այրոցի զգացում,

միզելու դժվարություն, ինչպիսիք են կաթիլներով կամ թույլ շիթով միզումները,

հաճախակի միզում, հատկապես գիշերը (նոկտուրիա),

միզելու հրատապ անհրաժեշտություն,

պղտոր մեզ,

արյուն մեզի մեջ (արյունամիզություն կամ հեմատուրիա),

ցավ որովայնում, աճուկում կամ մեջքի ստորին հատվածում՝ գոտկաային շրջանում,

ցավ փոշտի և հետանցիք միջև ընկած հատվածում (շեք կամ պերինեում),

ցավ կամ անհանգստություն առնանդամի կամ ամորձիների շրջանում,

ցավոտ սերմնաժայթքում,

ջերմություն, դող, մկանային ցավ և գրիպանման այլ ախտանիշներ (սուր բակտերիալ պրոստատիտի ժամանակ):

Մի քանի առողջական վիճակներ կարող են նպաստել պրոստատիտի հետ կապված գանգատներին և ախտանիշներին, ուստի կարևոր է, որ հիվանդը հնարավորինս շուտ ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանա:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք հետևյալներից որևէ մեկը՝

միզելու անկարողություն (սուր միզակապություն),

ցավոտ կամ դժվար միզարձակում, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ,

ուժեղ անհանգստություն կամ ցավ կոնքի շրջանում և սեռական օրգաններում:

留言


1/470

LATEST NEWS​​

bottom of page