Ովքեր են Փաշինյանի իշխանության օրոք ճանապարհներ վերանորոգող ընկերությունների սեփականատերերը
Գործող իշխանությունների օրոք՝ 2018-2021թթ-ին Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման և նորոգման համար ծախսվել է ընդհանուր առմամբ 94,335 մլրդ դրամ գումար (1062,3 կմ)։ Ընդ որում, այս գումարից 32,17 մլրդ դրամը ծախսվել է 2020թ-ին, իսկ 2022թ-ին ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 46 մլրդ դրամ։ Այս մասին MediaHub.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարությունից նաև հետաքրքրվել էինք, թե նշված ժամանակահատվածում որ ընկերություններն են ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրել։ Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ աշխատանքներ իրականացրել են «Բլեսկ», «ԱԱԲ Պրոեկտ», «Սիսիանի ԲՈւԱՏ», «Արարատ Ճանշին», «Կապավոր», «Տավուշի ՃՇՇ», «Մերձմոսկովյան», «Մոստովիկ», «Ճանապարհ», «Եղեգնաձորի ՃՇՇ», «Քարավան», «Վեհ Իշխանասար», «Ոսմար», «Կապանի ՃՇՇ», «Մեղրու ՃՇՇՁ», «Շինպլյուս», «Արհովշին», «Էն Շին», «Շանթ-Սեյրան», «Արտաշես և Տաթևիկ», «Խաչհար», «Արգիշտի-1», «Սուարդի», «Վահագն և Սամվել», «Վայքի ՃՇՇ», «Հիպերնովա», «Վառմաշ», «Եվրոասֆալտ», «Լեոպոլդ և ընկերներ», «Լիլիթ-87», «Ճանշինվարպետ», «ԱրտԱրս», «Գավառի ՃՇՇ», «Բիլդեր քոնսթրաքշըն», «ՎՄՎ-Քամփնի» և մի շարք այլ ընկերություններ։
«Քարավան» ՍՊԸ
Ասֆալտապատման, ավտոճանապարհների շինարարության և նորոգման աշխատանքներ իրականացնող «Քարավան» ՍՊԸ-ի միակ սեփականատերը (անդամը) և հիմնադիրը Հակոբ Հակոբյանն է, ընկերությունը գրանցվել է 2002 թվականին: Հակոբ Հակոբյանը ծնվել է Վայոց Ձորի մարզում, Արցախ է տեղափոխվել ու գործարարությամբ զբաղվում է 1995 թվականից: Այս ընկերությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով միայն 2021թ-ին ճանապարհների վերանորոգման երկու պայմանագիր է կնքել՝ Սյունիքի մարզում Տաթև-Աղվանի ճանապարհի 13 կմ-ը, որի համար բյուջեից վճարվել է 1,157,542,348 դրամ և Լծեն-Տաթև ճանապարհը, որի վերանորոգումն իրականացվել է «ԱԱԲ Պրոեկտ» ընկերության հետ, իսկ աշխատանքի դիմաց պետբյուջեից վճարվել է 1,019,185,648 դրամ։
«Ոսմար» ՍՊԸ
Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։
Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, որի համար պայմանագիր կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։
Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ էր կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվելու է 2 մլրդ 786 մլն դրամ։ Թեպետ այս գործարքում «Ոսմար» ՍՊԸ-ն «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի հետ հանդես է գալիս որպես կոնսորցիում, սակայն այդ երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով՝ աշխատանքների 95 տոկոսը կատարելու է «Ոսմարը», իսկ 5 տոկոսը՝ «Արարատ Ճանշինը»։
«Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։
«Եվրոասֆալտ» ՍՊԸ
«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի տնօրենը 2021թ-ի մարտին դարձել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Ընկերությունում հավասար բաժնեմասեր ունեն Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գևորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ Այս ընկերությունն ակտիվ սկսել է ներգրավվել նաև պետական գնումների գործընթացին։ Այսպես, նախորդ տարի՝ հունիսի 17-ին, հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը ճանապարհների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։
«Կապավոր» ՍՊԸ
Ընկերությունը պատկանում է Հակոբջանյանների ընտանիքին. ընկերության 93,75 տոկոսը պատկանում է Արման Հակոբջանյանին, 3,75 տոկոսը՝ Արայիկ Հակոբջանյանին և 2,5 տոկոսը՝ 2020 թ. հունիսին առողջապահության հարցերով ԱՀ նախագահի խորհրդական
նշանակված Լիլիթ Հակոբջանյանին: Նրանք Արցախյան շարժման մասնակից, 2006-2007 թթ. ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:
Ընկերությունը գրանցվել է 2002 թվականին:
«Արհովշին» ՍՊԸ
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի մատակարարների շարքում առաջատար է «Արհովշին» ՍՊԸ-ն: Կնքվել է 8 պայմանագիր, որոնցից վեցը բաց մրցույթով, երկուսը՝ հրատապ բաց մրցույթով:
«Արհովշինը» Երևանի տարբեր փողոցներում, բակերում և վարչական շրջաններում իրականացրել է ասֆալտաբետոնային ծածկի, զբոսայգու ջրավազանի, բակային տարածքների, խաղահրապարակների նորոգման և բազմաբնակարան շենքերում մուտքերի հին դռների ապամոնտաժման և նորի տեղադրման աշխատանքներ: Նույն տարում ընկերությունը 5 պայմանագիր է կնքել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» հետ, կատարել է ոռոգման խողովակաշարի կառուցման հետ կապված աշխատանքներ, իսկ 1 պայմանագրով էլ, որ կնքվել է Վեդիի համայնքապետարանի հետ, համայնքի Պ. Սևակի փողոցում իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ: 2018 թվականին այս ընկերությունը կնքել էր 7 պայմանագիր, որոնցից երեքը Երևանի քաղաքապետարանի, երկուսը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի», մեկը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, իսկ ևս մեկը՝ Արմավիրի համայնքապետարանի հետ: Ընկերության հիմնադիրը Մհեր Հովհաննիսյանն է, որի գործունեությունն ընկերությունում այժմ դադարեցված է:
«Շանթ-Սեյրան» ՍՊԸ
«Շանթ-Սեյրան» (մինչև 2001 թ.՝ «Սասուն») ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, հիմնվել է 1996-ի հունվարին (հարկ վճարողների համակարգում նշվում է 1991 թ.): Ներկայում ընկերության 95 տոկոսը պատկանում է Արմեն Կառլենի Ղուկասյանին, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս Վերին Գետաշեն գյուղի բնակիչ է, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ (2003-2012 թթ.) Արտուշ Ղուկասյանի կրտսեր եղբայրը:
ՍՊԸ-ի մնացած 5 տոկոսը պատկանում է Ներքին Գետաշենի բնակիչ Սասուն Բաղդասարյանին, ով Ղուկասյան եղբայրներից Ռուբիկի փեսան է՝ դստեր ամուսինը: Ռուբիկ Ղուկասյանը 1996-ից իրենց հայրենի Վերին Գետաշենի գյուղապետն է: ՍՊԸ-ն գրանցված է հենց Վերին Գետաշենում: Ընկերության անվանումն առաջացել է Արմեն եւ Արսեն եղբայրների որդիների անուններից:
«Խաչհար» ՍՊԸ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Այս պահին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուբեն Բաղդասարյանին։
«Վահագն և Սամվել» ՍՊԸ
«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվեց՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Ընկերության առաջին մեծամասշտաբ նախագիծը 2002-2003 թթ․-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյանի և Մ․ Ադամյանի փողոցների վերանորոգումն էր։ Նախագիծն իրականացվում էր Լինսի հիմնադրամի աջակցությամբ։ Իսկ 2007թ․-ին ընկերությունը զբաղվեց նաև Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքներով։
«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ
«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը ստեղծվել է 2011-ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի հետ միայն 2021-ին կնքել են ընդհանուր 4,9 միլիարդ դրամի պայմանագիր։
«Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ
Արմեն Բադալյանին պատկանող և պետական գնումներում հաղթող մյուս ընկերությունը «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2006-ին։ Armeps կայքում պետական մարմինների և այս ընկերության միջև կնքված պայմանագրեր առկա են` սկսած 2018-ից։ Երեք տարվա ընթացքում կնքվել է 23 պայմանագիր՝ ընդհանուր 21,3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։
Արմինե Նավոյան
Comments