Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտին և դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ տարեցների ակտիվ ծերացմանը, աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև այս համատեքստում հուշագրի ստորագրման հնարավորությանը։
Ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերում համատեղ աշխատանքների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները վերջինս քննարկել է նաև Հռոմում Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նախարարները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային զարգացման ուղղությամբ։
Այսօր կայացած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Comments