top of page

Միասնական քննությունների բազմակի հանձնման հնարավորությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկ․ Մխիթարյան



Միասնական քննությունների բազմակի հանձնման հնարավորությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Առայժմ համապատասխան վերահսկման մեխանիզմներ չկան։ Հնարավորությունը չի փորձարկվել և «խութերն» ուսումնասիրված չեն։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով համալսարան ընդունվելու համար մեկ առարկան երկու միասնական քննությամբ հանձնելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության մասին։


Փորձագետը նկատեց՝ առաջատար կրթական համակարգ ունեցող երկրներում դպրոցական ավարտական և բուհերի ընդունելության քննությունները համընկնում են։ Նախ, աշակերտը հանձնում է համապատասխան քննությունները և ավարտում ավագ դպրոցը, ապա նաև զուգահեռաբար, որպես շրջանավարտ, դիմում է տարբեր համալսարաններ։


«Համալսարանները նախապես հայտարարում են բալերի նվազագույն շեմը, որ ունենալու պարագայում դիմորդը կարող է հավակնել սովորելու տվյալ համալսարանում, տվյալ մասնագիտությամբ։ Դա է, թերևս, պատճառը, որ միշտ համալսարաններ ընդունվում են ավելի շատ ուսանողներ, քան այն ավարտում են։ Ուսանողի սովորելու ու կրթական միջավայրում կողմնորոշվելու հատկություններն ի հայտ են գալիս հենց սովորելու առաջին ամիսներին։ Դասընթացներին մասնակցելիս ուսանողն ինքնուրույն որոշում է, արդյոք արժե՞ շարունակել, թե կարելի է որոշ ժամանակ աշխատանքային փորձ ձեռք բերել և այնուհետև շարունակել համալսարանական կրթությունը»,-ասաց Մխիթարյանը։


Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ այս ոլորտում բարեփոխումները պետք է ընդգրկուն լինեն։ Նախ հարկավոր է հայեցակարգի մակարդակով հասկանալ, թե դպրոց-բուհ անցման ինչպիսի մոդել ենք պատկերացնում, որից հետո նոր քննարկել դրա իրագործման մանրամասները։ Ընդ որում, հաշվի առնելով մեր հասարակության զգայուն վերաբերմունքը, հարկ է փոփոխությունները առավելագույն զգուշությամբ կազմակերպել՝ ապահովելով առավելագույն մասնակցայնություն։


Լիաննա Թորոսյան

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page