Մանրամասներ խոշոր ու ողբերգական ավտովթարից․ 5 զոհերին դուրս են բերել փրկարարները

Փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Հակատուբերկոլոգային Դիսպանսեր-Տուդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Դիերը դուրս են բերել նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ: Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:
Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը:
Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն նա չի վարել:
Commentaires