Հնարավո՞ր է դիմադրության շարժում
- Octopus Media
- Nov 20, 2022
- 2 min read

Ընդդիմությունն առաջարկում է ՀՀ-ում, Արցախում ու սփյուռքում ձևավորել համազգային դիմադրության շարժում, որը կվիժեցնի հայ-թուրքական հաշտեցման ծրագիրը։ Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կասեցնելը լինելու է ՀՅԴ քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը․ ՀՅԴ հիմնադրման 131-ամյակին նվիրված հանդիսությանը հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հայ-թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է թրքացման, պետք է կասեցվի։ Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է նա։
Սաղաթելյանն, իհարկե, ժամկետներ չի նշում, սակայն ակնհայտորեն անոնսավորում է զանգվածային դիմադրության շարժման մասին, որի ականատեսը դառնալու ենք, ըստ որոշ լուրերի, առաջիկա ամիսներին։ Հնարավո՞ր է դիմադրության շարժում՝ իշխանափոխության բլիցկրիգային սցենարով։ Նման հեռանակարը խիստ կասկածելի է թվում, որովհետև այդ սցենարն արդեն ձախողվել է հետպատերազմյան փուլում, երբ Երևանի փողոցներ դուրս էին գալիս հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր իշխանության երկարաձգման շուրջ ստանալ միջազգային կոնսենսուս։ Երրորդ հանրապետության պատմության մեջ նման ապիկար իշխանություն չի եղել, սակայն նրան հաջողվել է իր «առաքելությունն արժևորել» արտաքին կենտրոնների համար։
Նման իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել ավելի երկարաժամկետ ու բազմաշերտ պայքարի օրակարգ, որի խնդիրն է լինելու գործող իշխանության ներքին ու արտաքին հիմքերի ոչնչացումը։ Մյուս կողմից, հայ-թուրքական երկխոսության օրակարգով հազիվ թե հնարավոր կլինի կոնսոլիդացնել հասարակությանը։ Ըստ Հայաստանում անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հերթական սոցհարցման, հասարակության 70 և ավել տոկոսը գտնում է, որ Հայաստանը պետք է երկխոսություն ծավալի և հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով Ցեղասպանության ճանաչման օրակարգն ու պահանջելով Թուրքիայից չխանգարել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Սա նշանակում է, որ հասարակությունը գուցե իշխանություններից տարբերվող պատկերացում ունի հայ-թուրքական դիալոգի օրակարգի մասին, միևնույն ժամանակ՝ չի ընդվզելու այսօրվա գործընթացի դեմ, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը տեսանելի «կարմի գծեր» չի անցել։ Սա է իրականությունը, որը որոշակի կոնտրաստի մեջ է մտնում ընդդիմադիր այսօրվա օրակարգի հետ։
Վահրամ Բագրատյան
Comentários