Իրան-Իսրայել proxy war-ը նոր թափ է հավաքելու
«Իրանը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Իսրայելին։ Իրանը տարածաշրջանային հզոր պետություն է և նրա հետ ցանկացած պատերազմ կպայթեցնի ողջ տարածաշրջանը»: Այդ մասին հայտարարել է լիբանանյան Հզբոլլահ շարժման ղեկավար Հասան Նասրալլան:
Նասրալլան նշել է, որ Հեզբոլլահի ճշգրիտ կառավարվող հրթիռները սփռված են ամբողջ Լիբանանով մեկ, ուստի Իսրայելը ստիպված կլինի լայնածավալ պատերազմ սկսել դրանք ոչնչացնելու համար:
Լիբանանի հարավում տեղակայված Հզբոլլահ շարժումը Մեծ Մերձավոր Արևելքում համարվում է Իրանի proxy միավորումը, որը պաշտպանում է թե իրանական, թե լիբանանյան շահերը: Հզբոլլահը զինվում, ֆինանսավորվում է Իրանի կողմից՝այդ շարժումը տասնամյակներ շարունակ գործել է Իսրայելի դեմ և Իրան-Իսրայել հնարավոր բախման պարագայում նրանք Լիբանանից հարվածելու են Իսրայելին:
Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացրել Հզբոլլահի դեմ՝ հարվածել է նրանց հենակետերին, ռազմաբազաներին և, Հզբոլլահին աջակցելով, Իրանն Իսրայելի համար նոր՝ հյուսիսային ճակատ է բացել, որը ցանկացած պահի կարող է սպառնալիք ներկայացնել Իսրայելի և նրանց զինված ուժերի՝ ՑԱԽԱԼ-ի համար:
Իրանն Իսրայելի շուրջ ստեղծել է յուրահատուկ հենակետեր՝ ի դեմս լիբանանյան Հզբոլլահ շարժման, Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի միջոցով, ինչպես նաև ամրապնդում է Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դիրքերն ու աջակցում է պաղեստինցիների շարժմանը: Իրանն օղակի մեջ է վերցրել Իսրայելը և լայնածավալ պատերազմի դեպքում Թեհրանն ունի իսրայելական սահմանների երկայնքով «խրամատներ», որտեղից հարվածներ է հասցնելու Հրեական պետությանը:
Իսրայելն ունի աշխարհի հզորագույն բանակներից և հատուկ ծառայություններից մեկն ու ֆիքսում է իրանական ակտիվությունն իր սահմանների երկայնքով: Պատահական չէ, որ Իսրայելի օդուժը ժամանակ առ ժամանակ մտնում է Սիրիայի օդային տարածք և հարվածում է Հզբոլահին, իրանամետ այլ ուժերի ռազմական հենակետերին և պահեստներին:
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությանը հետևեց իսրայելական բանակի լայնածավալ գործողությունը Գազայի հատվածում: Դրան զուգահեռ, Իսրայելը սկսել է մշակել նոր ՀՕՊ համակարգ, որն ավելի արդյունավետ է պայքարելու Գազայի հատվածից արձակվող հրթիռների, ԱԹՍ-ների դեմ:
Իրան-Իսրայել հարաբերությունները շարունակելու են մնալ լարված՝ Իսրայելը հզորացնելու է իր բանակն ու կանխարգելիչ գործողություններ է իրականացնելու Հզբոլահի և իրանական այլ ուժերի դեմ՝ իր սահմանների երկայնքով, իսկ Իրանը ռազմաքաղաքական, ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Հզբոլլահին, Ասադի ուժերին, ՀԱՄԱՍ-ին:
Արտյոմ Բալասանով
Comments