Ցավալի է, բայց թուրքի շնչին էլ ենք հարմարվում․ ի՞նչ վիճակ է սահմանամերձ համայնքներում

Պատերազմից հետո թշնամին քթներիս տակ է, բայց դրան էլ ենք համակերպվել։ Ցավալի է, բայց թուրքի շնչին էլ ենք հարմարվում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը՝ խոսելով սահմանամերձ համայնքներում բնակիչների տրամադրվածության, վիճակի մասին։ Խոսելով Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի մասին՝ համայնքապետը նշեց, որ ժողովրդի կյանքը բարդացել է։ «Շաբաթական երկու անգամ զորամասը «Ուրալ» ավտոբուս է տրամադրում, որ ժողովրդը Գորիս տեղափոխվի։ Նոր ճանապարհն էլ դժվար անցանելի է»։
Համայնքապետի խոսքով՝ ժողովուրդը դեռ հույս ունի, որ ամեն ինչ կկարգավորվի։ «Դեռ հավատում ենք, որ սահմանագծումից, սահմանազատումից հետո մեր գյուղի կեսը հետ կտան, որովհետև բոլոր քարտեզներով դա ՀՀ վարչական տարածք է։ Դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո գոնե, պետք է չեզոք գոտի թողնեն, որ թուրքը մեր գյուղի մեջ չկանգնի, գոնե, 800 մետր հեռու լինի»։
Արշակյանը նշեց ՝ այս իշխանություններից ոչ մի դրական քայլ չեն կարող սպասել, քանի որ այս իշխանությունն է, որ փորձում է ՏԻՄ-ը հարմարեցնել իր քիմքին։ «Մեր քաղաքապետերը խոչընդոտ են այս իշխանության համար, դրա համար էլ փորձում են հեռացնել իրենց ճանապարհներից։ Մանվել Փարամազյանին նորից կալանավորեցին, Առուշ Առուշանյանին բաց չեն թողնում»։
Իշխանության համեմատ՝ վերջին շրջանում թշնամին ավելի հանգիստ է, համայնքի ուղղությամբ կրակոցներ, սադրանքներ չեն եղել.
«Ռուս խաղաղապահի գործոնը կա, կապ չունի, թե քանի հոգի են կագնած, դրոշն էլ կա, արդեն հերիք է, որ դրանք զգաստանան»։ Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը MediaHub-ին փոխանցեց՝ ժողովուրդը դեռ պայքարում է՝ լավատեսությամբ։ «Ոչ ոքի մտքով չի անցնում, որ մենք նորից զիջումների կգնանք, եկել մեր սահամին են կանգնել, ու սրանից ավելի ի՞նչ զիջում լինի։ Մեր երկու Խնձորեսկը իրար հետ 25 կմ սահման ունի հակառակորդի հետ, դեպքեր են եղել, որ անասուններ են անցել, բոլորն էլ հետ ենք բերել՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Վերջին շրջանում երկու ձի է անցել սահմանը, նորից հետ ենք բերել, բախումներ չեն լինում»։
Քաղաքապետերի նկատմամբ ճնշումների մասին խոսելիս՝ Մալունցը շեշտեց՝ քաղաքապետերին կալանքի տակ պահելը ամենասխալ քայլն է։
« Քաղաքապետն իր աշխատասենյակում շատ գործ ունի, Առուշ Առուշանյանի բացակայությունը մեծ խնդիրներ է առաջացնում մեր համայնքում»։
Այլընտրանքային ճանապարհը ևս տարածքում խնդիրների պատճառ է դարձել։
«Մի բանի անունը, որ «այլընտրանքային է», արդեն խնդրահարույց է։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան․ այս համայնքներում խնդիրներն անխուսափելի են, մարդիկ, գրեթե, շրջափակման մեջ են։ Մի բան գիտեմ, որ այդ համայնքների մարդիկ ամուր կամքի տեր են, որ կարողանում են պայքարել իրենց հող ու ջրի համար»։ Լիաննա Թորոսյան
Comentários