«Հրապարակ». Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,- կառավարության՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, խոսքն ուղղելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:
«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, եւ փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաեւ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, եւ այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար՝ 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- պատասխանեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 5 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում, սակայն այդպես էլ այն կյանքի չի կոչվում, այլ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ դառնում է փիառ-թեմա, որը ներկայացնում են գրեթե բոլոր թեկնածուները՝ խոստանալով ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, եւ հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։
Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերին մասնակից դարձնել հայրենի գործարարներին՝ նրանցից ոմանց «վզին դնելով» այդ կայարանի կառուցման համաֆինանսավորման գործը: Մեր տեղեկություններով` գործարար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի սեփականատիրոջն են առաջարկել ներդրում անել՝ 20 միլիոն դոլարի չափով, եւ նա կարծես թե համաձայնել է, այլ գործարարների ներգրավելու ծրագրեր էլ կան։
Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ նման ծրագիր, որ գործարարները ներգրավվեն «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։ «Ես կճշտեմ` հասկանալու համար՝ առհասարակ կա՞ նման պրակտիկա, թե՞ չկա: Մինչ այս պահը որեւէ նվիրատվություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա նույնն է, որ ասենք` վաղը կարող է հրդեհ լինել: Ես ի՞նչ կարող եմ ասել, կլինի՞ հրդեհ, թե՞ ոչ», - ասաց Կոստանյանը: Իսկ ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում կառուցել «Աջափնյակ» կայարանը։ «Դեռեւս հստակ չէ, քննարկման փուլում է, դեռ որոշում չկա»,- նշեց նա: Ամեն դեպքում՝ Աջափնյակի կայարանի կառուցումը հրդեհ հանգցնել չէ, այլ երկարաժամկետ մի ծրագիր, որ Ավինյանի նախընտրական խոստումների մեջ է մտնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Comentarios