Գնաճի հետեւանքով դժգոհության ալիք է տարածվում

Խանութների սեփականատերերը, քաղաքային խորհուրդներն ու կրոնական համայնքը խոսել են Թուրքիայում էլեկտրաէներգիայի հաշիվների աճի մասին, մինչդեռ բժիշկները մեկօրյա գործադուլ են անցկացրել աշխատանքային պայմանների պատճառով: Նույն այդ ժամանակ, գնաճի հետեւանքով առաջացած դժգոհության ալիք է տարածվում երկրում, հաղորդում Է Reuters-ը։
Գնաճը հունվարին հասել է գրեթե 50 տոկոսի՝ բարձրացնելով կյանքի արժեքը թուրքերի համար, որոնք արդեն փորձում են ծայրը ծայրին հասցնել դեկտեմբերին տեղի ունեցած արժութային փլուզումից հետո, որը պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր տոկոսադրույքների նեորտոդոքսալ քաղաքականությամբ։
Այս տարի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 50 տոկոսով՝ ի պատասխան անկարգությունների։ Սակայն բարձրացրել է նաեւ գազի, էլեկտրաէներգիայի, բենզինի եւ ճանապարհային վճարների գները՝ հաշվի առնելով ներմուծման գների փոփոխականությունը, տնային տնտեսությունների բյուջեների ծանրաբեռնվածությունը եւ աղքատության խորացումը։
Թուրքիայում ալեւիների կրոնական փոքրամասնությունը որոշել է չվճարել ջեմեւիի՝ երկրպագության վայրի, էլեկտրաէներգիայի հաշիվները։
«Եկեք եւ անջատեք մեր էլէկտրականությունը։ Մեր ջեմեւին կոմերցիոն տարածքներ չեն, դրանք պաշտամունքի մեր վայրերն են», - գրել է ալեւիների ֆեդերացիայի ղեկավար Ջելալ Ֆիրաթը Twitter-ում՝ հրապարակելով իր Alevi ասոցիացիայից 30 000 լիրա (2200 ԱՄՆ դոլար) չափով էլեկտրաէներգիայի հաշիվը։
Սոցիալական ցանցերում հաղորդագրությունների համաձայն՝ ռեստորանների որոշ սեփականատերեր պատուհանների վրա էլեկտրաէներգիայի ուռճացված հաշիվներով հայտարարություններ են տեղադրել: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օգուզ Քահան Սալիջին ասել է, որ որոշ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի հաշիվները գերազանցում են իրենց վարձավճարը: «Մարդիկ չգիտեն, թե ինչ անել տանը կամ աշխատավայրում։ Քաղաքացիներն այլեւս գլուխ չեն հանում։ Անմիջապես վերացրեք գների բարձրացումը», - գրել Է նա Twitter-ում։
Արժույթի ռեկորդային արժեզրկումը եւ գների սրընթաց աճը ազդել են 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին Էրդողանի վարկանիշի վրա: Կառավարությունը հայտարարում է, որ վարկը, արտահանումը եւ ներդրումները կօգնեն երկրին հաղթահարել գնաճը։
Comments