top of page

Գերմանիան վերացնում է կարանտինային սահմանափակումները


Մարտի 20-ից Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են վերացնել երկրում կիրառվող գրեթե բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին. այդ մասին չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտնել է ռուսական DW ծառայությունը։


Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատել է պլանը, որը բաղկացած է երեք կետից և նախատեսում է սահմանափակումների փուլային վերացում։


Առաջին փուլը, որը վերացնում է անձնական շփման արգելքը COVID-19-ի դեմ պատվաստվածների և վիրուսից ապաքինվողների համար, արդեն սկսվել է։ Չպատվաստվածների համար միջոցառումները պահպանվում են մինչև մարտի 19-ը։ Բացի դրանից, ցանկացած խանութի մուտքի մոտ հսկողությունը չեղարկված է, սակայն պահպանվում է պաշտպանիչ դիմակներ կրելու անհրաժեշտությունը։


Երկրորդ փուլը կմեկնարկի մարտի 4-ին։ Այդ օրվանից ոչ միայն պատվաստված և ապաքինված հիվանդները, այլ նաև կորոնավիրուսի բացասական թեստ ունեցողները կկարողանան գնալ ռեստորաններ և գիշերել հյուրանոցներում։


Մինչև 75,000 հանդիսական COVID-ի վկայականներով կկարողանա մասնակցել զանգվածային միջտարածաշրջանային միջոցառումներին, և ոչ ավելի, քան 6000-ը՝ փակ տարածքներում (տեղերի մինչև 60%-ը լրացնելու պարագայում)։


Վերջին՝ երրորդ փուլը կմեկնարկի մարտի 20-ին։ Այս օրվանից բոլոր «հիմնական պաշտպանական միջոցները» պետք է հանվեն, եթե հիվանդանոցներում իրավիճակը թույլ տա։


Միևնույն ժամանակ, երկրի բնակիչներին զգուշացվում է, որ պաշտպանիչ դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը մնում է ուժի մեջ։ COVID-19-ի դեմ պատվաստումային արշավը կշարունակվի մինչև 2023 թվականի գարուն։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիան չեղարկել է վերջին կարանտինային սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Թագավորությունը ԵՄ առաջին երկիրն էր, որ նման քայլի դիմեց։

Comentários


1/470

LATEST NEWS​​

bottom of page