top of page

Արման Թաթոյանը հանդիպել է Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադրի հետ


Արցախի քաղհասարակությունը կարևոր դեր ունի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում․ Արման Թաթոյանը հանդիպել է Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադրի հետ


Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը և հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Թոխյանը հանդիպել են Արցախի Հանրապետությունում գործող «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր, ԱՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Արմինե Ավագիմյանի հետ։

Հանդիպման ընթացքում Արմինե Ավագիմյանը նշել է, որ Արցախում ադրբեջանական զինված տեղակայումները քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ նրանց կյանքի իրավունքի և անվտանգության խաթարում են: Մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից, ինչն էլ առաջ է բերել սոցիալական խնդիրներ։

Նա կարևորել է միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը արցախցիների իրավունքների երաշխավորման գործում։

Ա.Ավագիմյանը ներկայացրել է իր կարևոր գործունեությունն ադրբեջանական սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում։

Արման Թաթոյանը նշել է նաև, որ նույն կերպ խաթարված է նաև ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի գյուղերի և քաղաքների բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, սեփականությունը (զրկված են տներից, հողատարածքներից և այլն), բնականոն կյանքը: Պատճառն ադրբեջանական հանցավոր ներխուժումներն են ՀՀ տարածք, անօրինական գտնվելը գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին:

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիրը տեղեկացրել է, որ ակտիվ համագործակցում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Արմինե Ավագիմյանի հետ հանդիպումը, բարձր է գնահատել Արցախի քաղհասարակության դերը մարդկանց իրավունքների պաշտպանության գործում: Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տեղահանվածների իրավունքների պաշտպանության։


Comments