44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հիմքն արդեն սխալ է դրված․ Գեղամ Նազարյան
Մենք նախաձեռնում ենք փաստահավաք խմբի աշխատանք իրականացնել։ Մենք կաշխատենք զոհվածների ծնողների, պատերազմի մասնակիցների հետ, ինֆորմացիա կհավաքենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցերի մասին։
«Մենք իրավունքի ուժով այդ հանձնաժողովի անդամ ենք, ցանկացած պահի ուսումնասիրելու ենք նիստերի ձայնագրությունները, արձանագրությունները, բայց շեշտում ենք՝ այդ հանձնաժողովը չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք տեսնում ենք»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ հանձնաժողովում ներկա է լինելու նաև Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկատվության առումով գուցե նրան ուղղելու շատ հարցեր կան՝ պատգամավորը նկատեց՝ վերջին հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ չափով բացեց փակագծերն ու իրենց մտադրությունը հասկացրեց, թե տարբեր ճանապարհներով հանձնաժողով են խցկելու իրենց համար նախընտրելի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին։
«Հանձնաժողովի հիմքն արդեն սխալ է դրված, թե ուր կտանի, հետո կերևա»,-ասաց նա և դիտարկմանը, թե Անդրանիկ Քոչարյանը ընդդիմությանն ասաց, որ նիստերին մասնակցելը չի կարող քմահաճույքով լինել, ու նիստերին երբ ուզեն գան, երբ ուզեն գնան՝ Նազարյանն արձագանքեց․
«Ինքը չի որոշում, թե մենք երբ գանք, գնանք։ Այո, հենց մենք ենք որոշում։ Մենք հենց ներսից ենք ամեն ինչ ուսումնասիրելու»։
Լիաննա Թորոսյան
Commenti