Սերժ Սարգսյանի հարցազրույցի հակադարձումների բոլոր պահերը լավն էին․ Գագիկ Համբարյան
Սերժ Սարգսյանի հարցազրույցի հակադարձումների բոլոր պահերը լավն էին։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փորձում է իր ձախողումները թաքցնել մանիպուլիացիաների, ստի տակ, դա փաստ է և նորություն չէ ոչ մեկի համար։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված որոշումները կեղծ են և դրանց հիմքում ընկած է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը սուտ և կեղծ թեզ է, որովհետև Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հիմքում միշտ ընկած է եղել երեք թեզ՝ տարածքային ամբողջականության գաղափարը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման մասին թեզը, բայց չգիտես ինչու, այս երեքից Փաշինյանը միշտ առաջ է տանում հակահայկական և մեզ բացարձակ ոչ ձեռնտու տարածքային ամբողջականության թեզը։ Սերժ Սարգսյանը շատ պարզ ներկայացրեց Կազանյան բանակցային գործընթացը, բացեց որոշ փակագծեր այդ գործընթացից, նշելով, որ Կազանյան գործընթացի հաջողության պարագայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչները անմիջապես պետք է ներգրավվեին բանակցային գործընթացի մեջ, ինչպես նաև՝ բացահայտեց այն սկզբունքը, թե ինչ ձևով էր ապագայում Արցախում տեղի ունենալու հանրաքվե և ինչ համամասնությամբ էին մասնակցելու այդ հանրաքվեին Արցախի Հանրապետության քաղաքացիները՝ հայերը, ինչպես նաև նախկինում ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը, բացահայտ կեղծիքների դիմելով, նշում էր ինչ որ համամասնությունների մասին, բացարձակ չնշելով, որ հանրաքվեն պետք է տեղի ունենար 1989թ-ի մարդահամարի տվյալների հիման վրա, այսինքն, ամեն դեպքում մենք 99,9%-ով ունենալու էինք անկախ Արցախի Հանրապետություն»։
Համբարյանը անհամաձայնություն հայտնեց Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի սխալները մեղմելու փորձերին․
«Հայաստանի երրորդ նախագահը փորձեղ մեղմացնել Նիկոլ Փաշինյանի մեղքերը, այն մեկնաբանելով հայտնի խոսքերով, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ավելի լավ բանակցային գործընթաց սկսել, բայց ինչպես հայտնի ասացվածքում է ասում՝ մենք փորձում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։ Ես բացարձակ համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետև 2018թ-ի գունավոր իշխանատեղափոխության հետևում կանգնած ուժերը շատ լավ գիտեին Հայաստանի ապագա վարչապետի հակաարցախյան և թրքամետ տեսակետները, որոնք նա տարիներ շարունակ արտահայտել է»։
Անդրադառնալով Սարգսյանի այն պնդմանը, որ Արցախի հարցում բանակցությունները դեռ հնարավոր է ճիշտ ուղղությամբ տանել՝ Համբարյանը արձագանքեց․ «Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, երբևիցե ՀՀ-ի հանրությունը չպետք է երազի, որ բանակցային գործընթացում մենք կարող ենք դրական ինչ որ բաներ ստանալ»։ Արմինե Նավոյան
Comments