top of page

Երթուղային թերթիկը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը



ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված:


Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:


Օրենքում սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը:


Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամվա ընթացքում:

Comments