top of page

«Դեղին քարտ»՝ Նիկոլ Փաշինյանին



Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:


«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա: Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իհարկե, պետք չէ միամիտ լինել՝ կարծելու համար, որ Հայաստանի իշխանությունը ականջալուր է լինելու հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հորդորին ու վերանայելու է իր իսկ հեղինակած օրենք կամ առհասարակ՝ իշխանության կենտրոնացմանն ուղղված ավտորիտար քայլերը։


Հենց այս օրերին, երբ քաղաքական ու փորձագիտական շրջանակները քննարկում են Freedom House-ի զեկույցը, ականատեսն ենք լինում իրադարձությունների, որոնք հաստատում են՝ Հայաստանում տոտալ գրոհ է սկսվել ժողովրդավարական արժեքների դեմ։ Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը բանտում կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը հասել է մահացու 27 նիշի: Բնականաբար, իշխանության պատվերը կատարող իրավապահ մարմինները Մանթաշյանի խափանման միջոցը չեն փոխի, որովհետև Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ կալանքը կիրառվում է որպես պատիժ։ Դատավոր Բորիս Բախշիյանին ժամեր անց, հավանաբար կկալանավորեն՝ չնայած, որ բոլորի համար պարզ է՝ նա որևէ քրեական հանցանք չի կատարել։


Բախշիային «մեղքն» այն է, որ ազատ է արձակել Փաշինյանի իշխանության «ոխերիմ թշնամիներից» մեկին։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ևս երկու ամսով երկարացնելու Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքը։ Կալանքի միջնորդության քննության նիստը նշանակված է վաղը ու բոլորը վստահ են՝ Ասլանյանը մնալու է բանտում, որովհետև «հանդգնել» է Վանաձորի ընտրություններում հաղթանակ տանել՝ ի հեճուկս իշխանությունների ցանկության։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, մանավանդ որ, օրինակ, Վարդենիսում իշխանությունն այդպես էլ չի հաշտվում այն իրականության հետ, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն ու, ըստ էության, խոչընդոտում է նրա կողմից համայնքապետի լիազորությունները ստանձնելուն և այսպես շարունակ։ Freedom House-ի հայտարարությունն առայժմ կանտեսվի, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ գոյություն ունի միջազգային կոնսենսուս։


Սակայն Փաշինյանը, ի թիվս այլ ավտորիտար ղեկավարների, իրականության զգացումը կորցնելու հատկություն ունի։ Հեռու չէ այն օրը, երբ նա իր «առաքելությունը» կկատարի ու նույն ԵԽԽՎ-ն այդ ժամանակ կարձանագրի ոչ թե Հայաստանի «ժողովրդավարական առաջընթացը», այլ Freedom House-ի ու հայաստանյան ընդդիմության մտահոգությունները, ահազանգը։ Բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած կլինի իշխանափոխությունից «5 րոպե պակաս» ռեժիմում։


Վահրամ Բագրատյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page