Դատարանը մասնակի բավարարել է ՔՊ ավագանու անդամների հայցը. «Ահարոն Խաչատրյան» դաշինքը բողոքարկելու է
Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, մասնակի բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների հայցը և անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Այս մասին News.am-ին ասել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Դատարանի որոշումն անհիմն ու ապօրինի էր։ Մեր փաստարկներին դատարանը չի անդրադարձել, մենք ապացուցել ենք, որ ՔՊ-ականները նիստի մասին տեղյակ են եղել, տեսել են, բայց չեն մասնակցել դրան, իսկ դատարանը անտեսել է մեր ապացույցները։ Մենք, ամենայն հավանականությամբ, կբողոքարկենք այս որոշումը Վերաքննիչ դատարանում, մեկ ամիս ժամանակ ունենք։ ՔՊ-ն պահանջել էր նաև, որ համայնքի ղեկավարի ընտրությունը ևս անվավեր ճանաչվի, բայց դատարանը չի բավարարել այդ մասը։ Դատարանը թերի ու անհասկանալի որոշում է կայացրել այն մտքով, որ Վերաքննիչ բողոք տարվի։ Կոպիտ ասած՝ իր վրայից գցել է այս գործը»,- նշել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Comments