Սա պատմական քայլ է լինելու ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է ԱԺ հինգ խմբակցությունների հեղինակած օրենքի նախագիծը՝«Բռնազավթված տարածքների մասին»։
Քննարկումից հետո Արցախի ԱԺ-ն 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Արտահերթ նիստի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ օրենքի ընդունումը շատ կարևոր է, քանի որ ի վերջո ինչ-որ տեղ հրամայական է, գուցե ինչ-որ տեղ էլ ուշացել են։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ տերմինաբանություն օգտագործենք և միշտ ընդգծենք՝ խոսելով բռնազավթված տարածքների մասին, որ նրանք բռնագրավված են, տերմինաբանությունից շատ բան է կախված։ Հետևաբար՝ հուսով եմ, որ քննարկումները կշարունակվեն և, ի վերջո, այդ օրենքը կընդունվի։ Կարծում եմ՝ սա պատմական քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Comments