Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները. Զաքարյան
Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկություններին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով, այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:
ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից:
ՌԴ Նախագահի Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանւթյունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին: Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առընչվող հարցերում:
ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը: Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու, ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ: Այս հարցում, որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան, և սեփական ստանդարտների պարտադրումը՝ իրականում խեղաթյուրում է ժողովրդավարությունը և սպառնալիք է հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար:
Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը “մեկ և միասնական Չինաստանին” և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս:
Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին, հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը:
Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի: Առաջին անգամ, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների:
Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական “Ռոսնեֆտը” և չինական CNPC (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանի վրայով դեպի Չինաստան, մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ “Գազպրոմը” պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խ.մ գազի մատակարարման հարցում: Դատելով համատեղ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը փաստացի ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերում:
Հ.Գ. Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա՝ դեռևս մնում է անկանխատեսելի»,-գրել է նա:
Comments