top of page

Աննան իր կեղտոտ բերանով մեր էրեխեքի անունները տալու իրավունք չունի․ զոհվածի մայր

Աննան իր ամենագեղեցիկ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ մեր տղերքն իր տղաներն են․ MediaHub-ի հետ զրույցում զայրույթը մի կերպ զսպելով ասում է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Հակոբյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «ֆեյսբուքյան» վերջին գրառմանը։


Հակոբյանը երեկ հերթական «սրտաճմլիկ» տեքստն էր երկնել՝ զոհված զինվորների մասին, որտեղ գրել էր հիմնականում այն հերոսների անունները, որոնց ծնողները 44-օրյա պատերազմից հետո պայքարում են գործող իշխանության, մասնավորապես՝ Փաշինյանի եւ նրա ընտանիքի դեմ՝ պահանջելով արդար քննություն իրականացնել եւ պատժել մեղավորներին։

«Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ»,-տողերը մեջբերում ենք Աննա Հակոբյանի գրառումից։

Ժորայի մայրն ասում է՝ «մեր հերոս տղերքը իրենը չէին կարող լինել, մի պարզ պատճառով, որ իրենից ծնված տղան կարող էր միայն Աշոտիկը լինել, որը, բոլորս գիտենք, թե ով է ու իրենից ինչ է ներկայացնում»։

Փաշինյանական իշխանության դեմ պայքարող ծնողների զոհված տղաների անունները Աննա Հակոբյանը հատուկ է ընտրել՝ հստակ իմանալով, որ այդ ծնողները պայքարում ենք իրենց դեմ։ Զոհված հերոսի մայրն ընդգծում է՝ արժեքներից ու արժեհամակարգից զուրկ մարդ է Աննան, այդ բովանդակության տեքստի մեջ տղերքի անունները թվարկելով, ծնողներին պառակտելով, Աննա Հակոբյանը հատուկ նպատակ ունի։ Նրա այս քայլերը զայրույթ են առաջացնում ծնողների մոտ։

«Կարդում եմ Տարոն Անդրեասյանի հատվածը, տպավորություն է, որ սիրահարված աղջիկը արտահատվում ա իր սիրելիի մասին։ Նա չի նայում որպես հերոսի, այլ նայում ա՝ ինչպես կինը տղամարդուն։ Ի՞նչ է դա։ Ես առաջնահերթ զայրանում եմ նրա համար, որ Աննան իր կեղտոտ բերանով մեր էրեխեքի անուններն ա տալիս, որի իրավունքը չունի։ Բան ու գործ չունի։ Մեր տղաների անունները տալն ու Եռաբլուրի մասին խոսելը փիառվելու իր տարբերակն ա դարձել։ Ինձ հունից հանում է էդ կինը, ես չգիտեմ, թե էլ ոնց հասկացնենք իրեն, որ գործ չունենա մեր ու մեր տղերքի հետ»,-ընդգծեց զոհված զինծառայողի մայրը։

Լիա Սարգսյան

Comentários