Խրամորթի, Խնաբադի բնագծի ամբողջ երկայնքով ադրբեջանցիները պարբերաբար կրակում են. Ղահրամանյան
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող քարամշակման կետի բանվորների ուղղությամբ կրակահերթը պարբերական բնույթ է կրում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը։
Նշենք, որ Արցախի դատախազությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որ 2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող քարամշակման կետի բանվորների ուղղությամբ։
Դեպքի մանրամասները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ, որը հաստատեց, որ քարամշակման կետում աշխատող բանվորների ուղղությամբ կրակ բացելը հաճախակի կրկնվող երևույթ է․ադրբեջանցիները հաճախ են կրակում նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու դաշտում աշխատող գյուղացիների վրա։
«Շրջանի հյուսիսային հատվածում գտնվող գյուղերը՝ Նախիջևանիկը, Խրամորթը, Խնաբադը սահմանամերձ են դարձել, ու բնագծի ամբողջ երկայնքով պարբերաբար կրակում են, հատկապես, եթե գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում։ Դրա համար էլ նման աշխատանքներ կատարելիս խաղաղապահներն այստեղ են լինում»,-ասաց Ղահրամանյանը։
Comentarios