Երբ լսում ես Հայաստանի Հանրապետության օրհներգը, ոգեշնչվում ես անել ավելին․ Հակոբ Մկրտչյան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը, որը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում նվաճել է չեմպիոնի կոչումը, ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Զգացողությունները շատ մեծ են: Երբ լսում ես Հայաստանի Հանրապետության օրհներգը, ոգեշնչվում ես անել ավելին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա, թե որքան ուժեղ ազգ ենք մենք»,- նշել է Մկրտչյանը:
Անդրադառնալով թիմակցի՝ ԵԱ-ի փոխչեմպիոն հռչակված Դավիթ Հովհաննիսյանի հետ մրցակցությանը, գյումրեցի ծանրորդը մասնավորապես ասել է.
«Մեր մեջ այդ մրցակցությունը չկա: Պարզապես ծանրաձողն է ու մենք. բարձրացրի՞ր՝ կհաղթես, ո՞չ՝ կպարտվես: Սա է ամբողջը»,- ընդգծել է Հակոբ Մկրտչյանը:
Հիշեցնենք՝ 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):
Comments