Թաթոյանի է՞ջն է փակվում, թե՞ ՄԻՊ-ի
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հեռացավ իր պաշտոնից։ «Մեր աշխատանքը բարձր է գնահատվում, ամենաթանկը հանրային աջակցությունն է»,- իր վեցամյա գործունեությունն այսպես ամփոփեց հեռացող Օմբուդսմենը։
Թաթոյանը միանգամայն ճիշտ է․ ՄԻՊ-ը պետական համակարգում ամենաբարձր վարկանիշն ունեցող կառույցն է, որն արձանագրված է ոչ միայն հայաստանյան, այլ նաև ամերիկյան հեղինակավոր հարցումներով։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Թաթոյանը բացառիկ դերակատարություն է ունեցել։
Հայաստանի ՄԻՊ-ը գրեթե միայնակ պայքարել է երկու ճակատով՝ ադրբեջանական ագրեսիայի ու մանիպուլյացիաների ու Նիկոլ Փաշինյանի իշխանության սաստկացող ավտորիտարիզմի դեմ։ Պատահական չէ, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտը հավասարապես ուրախացրել է ՔՊ-ին ու պաշտոնական Բաքվին։
Թաթոյանի է՞ջն է փակվում, թե՞ ՄԻՊ-ի։
Հռետորական այս հարցը հանգամանքների բերումով շատ կիրառական նշանակություն ունի։
Արման Թաթոյանը երեկ հայտարարեց, թե պետական պաշտոն զբաղեցնել չի պատրաստվում, ընդդիմությանը «կամավորագրվել» չի ցանկանում, բայց մնալու է ակտիվ հանրային դաշտում՝ գերակա համարելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Սա առնվազն նշանակում է, որ Թաթոյանի էջը փակված համարել չի կարող, մանավանդ, որ նա ունի բավականին բարձր հանրային աջակցություն և, ըստ ամենայնի, փորձելու է կոնսոլիդացնել հայաստանյան իրավապաշտպան սեգմենտը, որը, անկեղծ լինենք, խարիզմատիկ դեմքի պահանջարկ ունի։
Մեծ մտավախություն ունենք, որ երեկ Հայաստանում փակվել է հենց ՄԻՊ-ի՝ որպես ինստիտուտի էջը։
Այսօրվանից Օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելու է ՔՊ թիմի անդամ Քրիստինե Գրիգորյանը ու մենք «վարդագույն զեկույցներ» ենք լսելու հայաստանյան ժողովրդավարության, Փաշինյանի «խաղաղության օրակարգի» մասին, ինչի հետևանքով անպաշտպան է մնալու Հայաստանի քաղաքացին՝ ներքին ավտորիտարիզմի ու արտաքին ագրեսիայի ծավալման համատեքստում։
Վահրամ Բագրատյան
Comentarios