Գեղարքունիքի դպրոցներից մեկում բասկետբոլի խաղի ժամանակ վեճ ու դանակահարություն է եղել. նրանք նույն դասարանից են
Փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս, երկաթների վրա ընկնելու հետևանքով։
Կարճ ժամանակում ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։
Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա տղան սպորտային մարզասրահին կից, ուսուցչի գրառումների համար նախատեսված սենյակում դանակով հարվածել է իր հասակակցի ազդրին։
Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալի հորը, ով հայտնել է, որ հանցագործության գործիք դանակը իր տղան տվել է իրեն և ինքը պատրաստ է այն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով վիրավորն ու կասկածյալը սովորում են նույն դպրոցի 11-րդ դասարանում։
Comments