«Ժողովուրդ». Հեռուստաալիքների սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ մեկ անձից գնումով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 80 մլն 244 հազար դրամ, որի գնման առարկան եղել է Արբանյակի վարձակալությունը, իսկ արժեքի 13 մլն 374 հազար դրամը Ավելացված արժեքը հարկն է։
Բացատրենք, թե ինչ է սա իրենից ենթադրում. պայմանագրում նշված գնման առարկայի տեխնիկական բնութագրի համաձայն՝ այն Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայություններ է ենթադրում։
Այս պայմանագրի նպատակը հետեւյալն է. «ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է թվով 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի (որը պետք է հեռարձակվի հանրապետության բնակավայրերի 100%-ում) հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ թվով 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցի միջոցով»:
Արբանյակային հեռարձակումը ծառայում է նաեւ բնակավայրերից դուրս տեղակայված առանձնատների, հանգստյան գոտիների, զորամասերի եւ այլնի համար որպես պետական սփռման մուլտիպլեքսի ֆիքսված անհատական արբանյակային ընդունման հիմնական միջոց։ Արբանյակի մոդելը EutelSat 708 է, իսկ գնումը կատարված է մեկ անձից գնման եղանակով։
Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արբանյակային սփռման արժեքը 80 մլն 244 հազար դրամ է»։
Kommentarer