Ինչո՞ւ պետք չէ փակել Android հեռախոսի ֆոնային ռեժիմում գտնվող հավելվածները

Android սմարթֆոնի կանոնավոր օգտագործվող հավելվածները հաճախակի փակելը կհանգեցնի հեռախոսի մարտկոցի լիցքի ավելի արագ սպառմանը, քանի որ այդ հավելվածները նորից գործարկելն ավելի շատ էներգիա է պահանջում, քան եթե դրանք մնում են ֆոնային ռեժիմում։ Այս մասին զգուշացնում է ցանցային սպառնալիքների փորձագետ, վեբ ծրագրավորող Կոնստանտին Գորբունովը։
«Երբ օգտատերը նորից մուտք է գործում նախկինում ֆոնային ռեժիմում գտնվող հավելված, համակարգն այլևս կարիք չունի սկսել հավելվածի ամբողջական ներբեռնումը, այլ միայն պետք է վերականգնի քեշը: Եթե այն փակ է, ՕՀ-ն ստիպված կլինի նորից բեռնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ուստի այս տեսանկյունից հավելվածների ֆոնային ռեժիմում պահելն ավելի ձեռնտու է, քան դրանք փակելը»,- պարզաբանել է Գորբունովը։
Երբ հավելվածը գործարկվում է, դրա բոլոր ռեսուրսները կրկին բեռնվում են: Android-ի մշակողների համար նախատեսված փաստաթղթերում Google-ը սա կոչում է «սառը գործարկում»: Այս ընթացակարգը, ըստ փորձագետի, սմարթֆոնի ավելի շատ հաշվողական ռեսուրսներ է ծախսում, այսինքն՝ մեծանում է նաև մարտկոցի ծանրաբեռնվածությունը։ Սա նշանակում է, որ եթե դուք անընդհատ բացում և փակում եք հավելվածները, մարտկոցի լիցքն ավելի արագ կսպառվի:
«Դա նման է ավտոմեքենայի շարժիչին: Այսինքն՝ սառը գործարկումը շարժիչի գործարկումն է ցուրտ եղանակին, երբ համակարգին ժամանակ է պետք մեքենայի բոլոր բաղադրիչները «տաքացնելու» համար»,- ասել է մասնագետը։
Comments