Վերադարձած ռազմագերիների 6-ը գնացել են տուն, 2-ն՝ ռազմական ոստիկանություն․ ՔԿ

Երեկ վերադարձած ռազմագերիների հարազատները չեն փորձել ապակի կոտրել, պարզապես աղմուկ է եղել, վիճաբանել են, ոստիկանները հանդարտեցրել են և վերջ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մինչ քննիչները հարցաքննելիս են եղել վերադարձած ռազմագերիներին, նրանց հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել ու փորձել կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները։
Վարդան Թադևոսյանն ասաց, որ հայրենադարձվածներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
«Վեցը գնացել են տուն, երկուսն էլ, կարծեմ, ռազմական ոստիկանություն են գնացել, ժամկետային զինծառայողներ են ու կշարունակեն իրենց ծառայությունը», - եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան։
Comments