ԼՐԱԲԵՐ

Ծեծկռտուքի ընթացքում գանգուղեղային վնասվածք ստացած 15-ամյա աշակերտի կյանքին վտանգ չի սպառնում

Օրեր առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներից մեկը, որը ծեծկռտուքի  հետեւանքով ստացած վնասվածքների պատճառով ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, արդեն իրեն լավ է զգում:

«15-ամյա տղան ստացել էր գանգուղեղային վնասվածք, տեղափոխվել էր Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, կատարվել էր ինտուբացիա, միացվել էր արհեստական շնչառություն, որից հետո ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան: Նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ ակնակապճի ստորին պատի կոտրվածք, ձախակողմյան հեմոսինուս, թոքերի ինֆիլտրացիա: Բժշկական կենտրոն ընդունվելիս երեխայի ընդհանուր վիճակը գնահատվել էր շատ ծանր:
Շնորհիվ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի հմուտ մասնագետների, այսօր արդեն տղայի կյանքին վտանգ չի սպառնում, արդեն գիտակից է: Ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը՝ նույնպես»,- տեղեկացնում է երեւանյան բուժհաստատության լրատվական ծառայությունը:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը չցանկացավ տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: «Որովհետեւ այնուամենայնիվ, դպրոց է եւ համայնք: Սկսում եք շահարկել: Այստեղ արդեն կա ծնող, երեխա, ոչ մեկին դուր չի գալիս, որ բոլոր լրատվամիջոցները մեր դպրոցով են հետաքրքրվում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ծեծկռտուքի մասնակից մյուս երեխաների առողջական վիճակի մասին մեր հարցին, տնօրենը պնդեց, որ Երեւանում գտնվող տղայի վիճակն էլ ծանր չի եղել: «Պարզապես մենք որպես մանկավարժ, քանի որ շատ քիչ ենք հասկանում առողջությունից, անմիջապես ուղարկել ենք Երեւան, որպեսզի հանգիստ լինենք»,- եզրափակեց Անուշ Թարվերդյանը:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags