ԼՐԱԲԵՐ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Ընտրական նոր օրենսգրքի նախագծում, ըստ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի, ամբողջությամբ մերժվելու է ռեյտինգային ընտրակարգը:

Որքանո՞վ է այսօր նպատակահարմար չեղարկել ռեյտինգային ընտրակարգը, երբ քաղաքական իրավիճակը փոխվել է, երբ վարչապետը հայտարարել է ընտրություններն առանց կեղծիքների, ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսների կիրառմամբ անցկացնելու քաղաքական կամքի մասին: Երեւանի ավագանու ընտրություններն էլ հաստատեցին՝ արդար ընտրություններ անցկացնելը հնարավոր է:

ՀՀԿ-ի իշխանության շրջանում, երբ ընտրությունները տոտալ կեղծվում էին, ընդդիմադիր քաղաքական ուժերը վստահ էին, որ եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, եւ ընտրակարգը դառնա 100 տոկոս համամասնական, ընտրակեղծիքները կպակասեն: Մասնավորապես, իշխանության գործարար թեկնածուների, թաղային հեղինակությունների մուտքը խորհրդարան կնվազի:

Ինչպե՞ս են հիմնավորում մասնագետները՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ նոր ԸՕ-ից դուրս մնա ռեյտինգային ընտրակարգը:

Վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն՝ իր հարցազրույցում նկատում է, թե. «Քաղաքական բոլոր ուժերին ձեռնտու է , որպեսզի չլինեն ռեյտինգային կարգով ընտրություններ, ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները ձեռնտու են միայն իշխող կուսակցությանը, քանի որ այնտեղ անհատներ են, եւ մարդիկ տալիս են ձայնը ոչ թե կուսակցությանը, այլ անհատին»: Եվ որ ռեյտինգային համակարգը պատգամավորների թեկնածուների համար անհարմար է, քանի որ «ստիպված են լինում ներկայացնել ոչ թե իրենց քաղաքական թիմի տեսակետը, այլ անհատապես ընտրարշավ կազմակերպել, գումարներ ծախսել, անհատական հանդիպումներ կազմակերպել: Դա անարդյունավետ է Հայաստանի համար»:

Եթե նախորդ իշխանությունների դեպքում ռեյտինգային ընտրակարգը ընդդիմության մուտքը խորհրդարան փակելու հնարավորություն էր, այսօր արդեն ամբողջական համամասնական ընտրակարգը ընտրողներին լուրջ անհարմարություն կարող է պատճառել՝ իրական ընտրություն կատարելու առումով:

Ինչպիսի՞ն են մեր կուսակցությունները այսօր: Դրանք ներքին ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունեցող փակ ակումբներ են: Ամեն դեպքում, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը, ՔՊ-ն, ՀՅԴ-ն, մյուսները, ներկայացրեցին ա՛յս եւ ո՛չ այն անձի թեկնածությունը: Ընտրողներին ուղղակի ներկայացվեցին անունները, եւ վերջ: Որեւէ կուսակցության կամ դաշինքի ներսից այլ տեսակետ, անգամ սոցցանցում, իրեն ոչ մի կուսակցական թույլ չտվեց: Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկեցինք ոչ թե քաղաքապետի կոնկրետ թեկնածուների առավելությունների, այլ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման օգտին:

Ու հիմա պետք է ներկայացվեն ցուցակներ, եւ ընտրությունը դարձյալ պետք է անենք առաջին համարների միջեւ:

Ի՞նչ սկզբունքով են առաջնորդվելու ընտրողները:

ԲՀԿ ասելով` ընտրողները գիտեն միայն մեկ անուն՝ Գագիկ Ծառուկյան: Նույն սկզբունքն աշխատում էր ՀՀԿ-ի դեպքում` այն տարբերությամբ, որ այստեղ անգամ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնողի անունը հետաքրքիր չէ: Կարեւորը պաշտոնն էր` երկրի նախագահ: Դաշնակցության դեպքում անդամների անուն-ազգանուններն ընտրողներին հետաքրքրում են այնքան քիչ, որ, կարելի է ասել, ընդհանրապես չեն հետաքրքրում: Ընտրողն իր ձայնը տալիս է կուսակցության անվանմանը: «Ժառանգություն» ասելով` եւս հասկանում ենք նախեւառաջ` Րաֆֆի Հովհաննիսյան: ՀԱԿ ասելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան: «Լուսավոր Հայաստան»-ում «ֆիրմային» երկու-երեք անուններն են: ՔՊ ասում ենք՝ հասկանում ենք Նիկոլ Փաշինյան:

Ռեյտինգային ընտրակարգը ներկուսակցական ժողովրդավարությանը նպաստող գործիք կարող է լինել:

Ամենավառը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրինակը կարող է լինել: Այս կուսակցության ցուցակի առաջին համարը, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է լինելու: Եվ նա՝ իր հեղինակությամբ, իր ետեւից տանելու է ՔՊ-ի երկար եւ, անկեղծ լինենք, շատերի համար անհայտ ցանկը: Նույնը մյուս կուսակցությունների դեպքում է լինելու:

Որպես կանոն, ճանաչում ենք միայն առաջին համարներին:

Ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն կտա թեկնածուներին՝ ներկայանալ ընտրողներին անհատապես, ոչ թե թաքնվել առաջին համարի թիկունքին կամ նրա հեղինակության ստվերում մնալ:

Ընտրողներն էլ ընտրություն անելու ուղիղ հնարավորություն կունենան, այդպիսով՝ նաեւ պատասխանատվություն կրելով իրենց քվեարկած թեկնածուի աշխատանքի համար:

Նաեւ հնարավոր կլինի չափելի դարձնել այս կամ այն թեկնածուի անհատական ռեյտինգը՝ ունի՞, թե՞ ոչ:

Ռեյտինգային համակարգն այսօր անհարմար է բոլոր կուսակցությունների համար, ինչպես նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն չափազանց հարմար է ընտրողների համար: Սա ուղիղ ժողովրդավարության դրսեւորումներից մեկն է, երբ մենք ընտրում ենք ոչ թե կուսակցության կամ դաշինքի առաջին համարին, այլ այդ ցուցակում ներկա անհատներին:

Իշխանությունների համար բոլոր ժամանակներում ռեյտինգային ընտրակարգով տեղերի թիվը խիստ սկզբունքային էր: Սակայն բոլոր ընդդիմադիր ուժերի համար, այսօր նաեւ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների համար հենց այս տեղերն են փորձաքար:

Քաղաքական գործիչները, կուսակցությունները ընտրակեղծիքների նվազման, ընտրությունների արդար անցկացման մեկ կարեւոր խնդիր չեն դիտարկում. իրենց ազնվության խնդիրը: Բոլորն ընդդիմություն են` մինչեւ ընտրություններ: Հետո հանկարծ պարզվում է, որ նրանք հոգով միշտ իշխանությունների հետ են եղել: Գոնե այդպես է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, այժմ՝ կարծես նաեւ ՀՀԿ-ի դեպքում:

Ռեյտինգային ընտրակարգի փորձարկումը խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ բացասական ընկալում ստացավ: Սակայն այն չափազանց կարեւոր գործիք է այսօր, որպեսզի ԱԺ-ում չաշխատի «Խաթաբալա»-ի գործոնը՝ ընտրում են Նատալյային, բայց ամուսնանում Մարքրիտի հետ:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags