ԼՐԱԲԵՐ

Էյֆորիան կանցնի ՀՀԿ-ի հեռանալուն պես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Խորհրդարանական դե յուրե մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, կյանքի բոլոր իրավիճակներում իր հույսը դնում է  ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի վրա: Այս երեք ուժերի համար միավորումը, բաժանումը, դարձյալ միավորումը տեխնիկական հարց է:  

Ինչը եղավ հոկտեմբերի 2-ին, երբ խորհրդարանական երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, անակնկալ, աշխատանքային օրվա ավարտին, փոփոխություններ առաջարկեցին ԱԺ կանոնակարգ-օրենքում, եւ խորհրդարանն՝ արտահերթ նիստով, ձայների 67 «կողմ»-ով, ընդունեց օրինագիծը: Փոփոխված օրինագծի «առանցքը» հետեւյալ կետն էր. «Եթե քննարկման ժամանակ խոչընդոտվում է նիստի բնականոն ընթացքը, եւ նիստը վարողի ձեռնարկած միջոցառումների ընթացքում այն հնարավոր չի լինում վերականգնել, ինչպես նաեւ՝ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն ԱԺ նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա ԱԺ նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ»:

ԱԺ այս երեք ուժերը համաձայն չեն վարչապետի հետ՝ սույն թվականի դեկտեմբերի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նրանք վստահ են, որ համաժողովրդական նման պահանջ չկա:

Րոպեների ընթացքում ՀՀ քաղաքացիներն արձագանքեցին վարչապետի կոչին՝ հավաքվել ԱԺ մատույցներում եւ իրենց անմիջական ներկայությամբ փորձեցին հիմնավորել հակառակը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ րոպե առաջ, հասարակական պահանջ է:

Այն, որ քվեարկությունից հետո նախագծին «կողմ» քվեարկած պատգամավորները անգամ ԱԺ շենքից դուրս գալու փորձ չարեցին, ստիպեց նրանց ասել, թե ժողովուրդը հետհեղափոխական էյֆորիայի մեջ է, թե իրենց հանդեպ ատելության դոզան չափազանց մեծ է:

Նշվեց նաեւ, թե ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ վարչապետի պահանջը նշանակում է հնարավորություն չտալ մյուս կուսակցություններին՝ նախապատրաստվելու: Եվ որ, ի վերջո, դեռեւս պատրաստ չէ «Կուսակցությունների մասին» օրենքը, պատրաստ չէ նաեւ «Ընտրական օրենսգիրքը», իսկ կառավարության ղեկավարը իր պայմաններն է թելադրում՝ հղում անելով անորոշ մի սուբյեկտի՝ «ժողովրդին»:

Մինչեւ թավշյա հեղափոխությունն ընտրողներին թույլ չէր տրվում արտահայտել սեփական կամքը, քանի որ միահեծան իշխանություն ունեցող ՀՀԿ-ն վստահ էր՝ ժողովրդին թողնել այնպիսի կարեւոր հարցի լուծում, որպիսին ընտրությունն է, լուրջ չէ: Ժողովուրդը միշտ ձայնը տալիս է ընդդիմությանը, այսինքն՝ լավ չի պատկերացնում Հայաստանին սպառնացող մարտահրավերները: Կարճ ասած՝ ընտրությունները կեղծվում էին՝ հնարավոր բոլոր միջոցներով:

Այսօր, երբ ընտրողները հնարավորություն ունեն ազատ կամարտահայտմամբ ընտրել իրենց թեկնածուին, ինչպես եղավ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում, ՀՀԿ-ն դարձյալ «հիմնավոր» հակափաստարկ ունի՝ ժողովուրդն էյֆորիայի մեջ է:

Ասել, որ չկա հետհեղափոխական էյֆորիա, արդար չէ. էյֆորիա կա, եւ այդ էյֆորիան կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները զգում են Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի վերադարձի հնարավորությունը:

Եթե նախկին իշխանությունները շահագրգռված են էյֆորիայի հանդարտեցմամբ, չպետք է բոլոր հնարավոր ձեւերով փորձեն տապալել ԱԺ արտահերթ ընտրությունների արագ անցկացումը:

Հիմնավորումը, թե կուսակցությունները պատրաստ չեն այսքան կարճ ժամանակահատվածում նախապատրաստվել ընտրություններին, եւս արդարացված չէ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մշտապես, բոլոր ընտրություններին, վերարտադրվել են՝ իրենց նախընտրած տոկոսներով:

Այս կուսակցություններին ոչ այնքան պետք է ժամանակ՝ պատրաստվելու ընտրություններին, այլ փոխելու իրենց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ. առանց ընտրակաշառքի ու վարչական լծակների՝ այս կուսակցություններն անգամ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն: Եվ դա տեսանք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, որտեղ ՀՀԿ-ն խոհեմաբար իր թեկնածուին չառաջադրեց:

Իհարկե, այս հինգ ամիսները ավելի արդյունավետ կարող էր օգտագործել նաեւ կառավարությունը՝ պատրաստելով «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ամբողջական փաթեթը: Այս երեք ուժերը այսքան միասնական ու ակտիվ չէին լինի, եթե վստահ չլինեին, որ որոշ հարցերում կառավարությունը արդյունավետ չի աշխատում:

Ամեն դեպքում, ներքաղաքական այս ճգնաժամից հիմնականում տուժում են նրանք, ովքեր տուժել են միշտ՝ ՀՀ քաղաքացիները:

Խոչընդոտելով խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելուն՝ ԱԺ դե յուրե մեծամասնությունը նաեւ ուղղակի դեմ է գնում Սահմանադրությանը:

Անցնելով կառավարման խորհրդարանական կարգի՝ ԱԺ մեծամասնությունն ունի հստակ ֆունկցիա՝ առաջադրել վարչապետի թեկնածու, ձեւավորել կառավարություն:

Մայիսին բոլորիս աչքի առաջ այս խորհրդարանը վարչապետ առաջադրեց Նիկոլ Փաշինյանին:

Առաջադրումը համաժողովրդական ճնշմամբ էր, հասկանալի է:

Եթե Հանրապետականը չի կարողանում կատարել մեծամասնության իր գործառույթը, այսինքն՝ անգործունակ է, հետեւաբար պետք է ազնվություն ունենա հեռանալու: Ընդ որում, որքան արագ, այնքան լավ:

Ընտրողներն էյֆորիայի մեջ են թե ոչ, դա քաղաքական որեւէ ուժի մտահոգության հարցը չէ՝ իբրեւ թե՝ ընտրողները սխալ, ոչ օբյեկտիվ ընտրություն կանեն: Քաղաքական բոլոր ուժերը անընդհատ սխալվել են: Ընդ որում, դա արել են՝ առանց ժողովրդից ամաչելու:

Երբ ժամանակին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, երկրում կրթության առաջին պատասխանատուն, չամաչեց հազարավոր աշակերտներից ու նրանց ներկայությամբ Գագիկ Ծառուկյանին անվայել խոսքեր ուղղեց, նա հստակ գիտեր, որ վատ բան է անում: Բայց արեց: Դա դասական օրինակ է, թե հանրապետական կարիերիստ չինովնիկը ինչի կարող է ընդունակ լինել:

Հիմա նման արժեքներ կրող մարդիկ մտահոգվում են, թե՝ խեղճ ժողովուրդ, մի սխալվիր, հանկարծ էմոցիոնալ որոշումներ չընդունես, ինչպես արեցիր Երեւանի ավագանու ընտրություններին:

Այս ուժի ռեինկառնացիայի հավակնություններով հասարակությանը ստիպում է միավորվել մեկ ուժի կամ, ավելի անկեղծ լինենք, մեկ անձի շուրջ:

Լավ է դա, թե վատ, հնարավոր կլինի քննարկել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Կարծում ենք, դեկտեմբերին:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags