ԼՐԱԲԵՐ

Ինչպե՞ս վառոդ ստանալ սառույցից. Լիլիթ Ավագյանի հոդվածը

«Էն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս միտքն ասաց սեպտեմբերի 6-ի իր տեսաուղերձում:

Սա կարեւոր արձանագրում է: Ավելի՛ կարեւոր է հասկանալ՝ ինչպե՞ս պետք է ստեղծել ինստիտուցիոնալ երաշխիքները:  

Ժողովրդի իշխանությունը հեղափոխության ընթացքում որոշիչ էր:  Ժողովրդի իշխանությունն է այն կապիտալը, որը տրանսֆորմացվել է  վստահության ՝ ուղղված կոնկրետ մեկ անձի: 

Այդ վստահությունը մաշվելու, բայցեւ կրկնապատկվելու ռեսուրս ունի: 

Այսօր, ինչպես եւ 120 օր առաջ, պետական ինստիտուտների ինքնուրույն աշխատանքի համար պետք են պրոֆեսիոնալներ, որոնք կաշկանդված չեն կուսակցական պարտավորվածությամբ: 

Ինքնուրույն մտածող, նախաձեռնող կադրեր, որոնք, մեծ իմաստով, ապակենտրոն կլինեն: Այսինքն՝ նրանց աշխատանքի նպատակը չի լինի մեկ անձին գոհացնելը՝ ինքնահանգստացմամբ, թե այդպիսով՝  անուղղակիորեն գոհացնում են նաեւ հասարակությանը: 

Պետական համակարգն այսօր լիարժեք չի աշխատում:

ԱԺ-ն տձեւ ու ամորֆ մի մարմին է, որի գոյության «փիլիսոփայությունը»  պետական ողջ ապարատի աշխատանքի պարալիզացումն է: ԱԺ ֆորմալ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն,  այս պահին անգամ ավագանու թեկնածու չի առաջադրում՝  խոհեմաբար հասկանալով, որ անցողիկ շեմի ու իրենց միջեւ հսկայական տարածություն կա: Ու այս պարագայում էլ  ՀՀԿ-ն՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի շուրթերով, ակնարկում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեն գնա:

Իշխանության կենսագործունեությունն ապահովող մյուս օղակը՝ դատական համակարգը, դեռեւս շարունակում է նախկին ավանդույթը՝ ավելի շուտ մեռած է, քան կենդանի:  

Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին, ապա ակնկալել, որ իշխանության գործադիր թեւն՝ առանց օրենսդիր եւ դատական մարմինների համակարգված աշխատանքի, կկարողանա արդյունավետ աշխատել, պակաս իրատեսական է: Հատկապես որ, անգամ կառավարության նոր անդամները չեն հաղթահարել իրենց ուղղակի ղեկավարին՝ վարչապետին գոհացնելու, նրան հաճելի լինելու բարդույթը:

Գերատեսչությունների որոշ ղեկավարների աշխատանքի արդյունավետությունը հիշեցնում է Սվիվթի հայտնի ուտոպիայի հերոսներին՝  Լագադոյի բարձրագույն ակադեմիայի գիտնականներին: Վերջիններս օրնիբուն աշխատում էին, անգամ քնելն էին  ժամավաճառություն համարում, քանի որ անընդհատ մտածում էին՝  ինչպես վառոդ ստանալ սառույցից, ինչ միջոցներով փափկացնել մարմարն այնքան, որ կարողանան դրանից բարձեր պատրաստել: Ինչպես վարունգից արեւային ճառագայթներ կորզել: Կամ՝ ի վերջո, ո՞ր կողմից է ճիշտ կոտրել ձուն՝ սու՞ր, թե՞ բութ կողմից:

Պետական ողջ համակարգից արդյունավետ են աշխատում, թերեւս, տեսչական պարտականություններ կատարող, ստուգող մարմինները:  

Մյուսները սպասողական փուլում են: Սպասում են Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին: Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրությունները նաեւ կերեւակեն կուսակցությունների հնարավորությունները խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Այսօր Հայաստանում կատարվող յուրաքանչյուր խնդրի լուծում մարդիկ բացառապես կապում են Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Դա  պարտավորեցնող զգացողություն է, սակայն այդ հանգամանքը, մեծ իմաստով, խանգարում է պետական համակարգի կայացմանը: Պետական համակարգը տասնյակ հազարավոր մեծ ու փոքր պտուտակներ են, որոնցից յուրաքանչյուրի ինքնուրույն ու պրոֆեսիոնալ աշխատանքը անհրաժեշտ գործ է ու ընդհանուրի  հաջողության բանալին: Վարչապետը պետք է շրջապատված լինի  պրոֆեսիոնալ, ուժեղ անհատականություններով, որոնք կարող են նրան հակաճառել, չհամաձայնել նրա հետ, սկզբունքային հարցերի շուրջ կտրուկ լինել եւ ոչ թե հիացական հայացքը չկտրել նրանից կառավարության նիստերի կամ հանրահավաքների ժամանակ:

Ինչպես օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց,  անհրաժեշտության դեպքում հարյուր-հազարավոր մարդիկ պատրաստ են ֆիզիկապես վարչապետի կողքին կանգնել: Սա աննախադեպ աջակցություն է քաղաքական որեւէ գործչի: 

Սա նշանակում է արդար լինել եւ հանգիստ ընդունել սեփական սխալը կամ թիմակցի բացթողումը:

Երեւանի ավագանու ընտրությունները եւս Հայաստանի քաղաքական դաշտի ու հետհեղափոխական իրավիճակի ճշգրիտ գնահատականը կլինեն:

Մայրաքաղաքի բնակիչները թեկնածուներին կընտրեն՝ ըստ կուսակցությունների կամ դաշինքների՞, թե՞ ըստ ծրագրերի:

Սա կարեւոր փորձություն է նաեւ մեզ՝ ընտրողներիս համար:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած տասներկու ուժերն էլ, ինչպես քիմիկոսի մաքսիմալիստ աշակերտը, հավակնում են ստեղծել այնպիսի նյութ, որն իր մեջ կլուծի գոյություն ունեցող մյուս բոլոր նյութերը: Իսկ ո՞ր ուժը ինքն իրեն հարց կտա՝  ի՞նչ անոթի մեջ պետք է պահել այդ նյութը, կերեւա սեպտեմբերի 23-ից հետո:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags