ԼՐԱԲԵՐ

Քո այդ ինկվիզիտորը պարզապես աստծուն չի հավատում. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ուղերձ է հղել՝ այսօր՝ հունիսի 30-ին, Էջմիածնում իր դեմ բողոքի ակցիա անցկացնել պատրաստվող հոգեւորականներին, հանրահավաքի մյուս մասնակիցներին: Վեհափառը հորդորել էր բողոքի ակցիան չեղարկել, քանի որ նույն օրը Վեհափառին զորակցող հավատացյալների մեկ այլ խումբ էլ պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը եւ մեր եկեղեցու բարի համբավը: Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն եւ զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,- ասված է ուղերձում:

Վեհափառի գործունեությունից դժգոհ, ինչպես նաեւ նրան սատարող քաղաքացիների ակնկալիքը, խոշոր հաշվով, նույնն է՝ ունենալ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող հոգեւոր առաջնորդ:

Հոգեւոր դասի ներկայացուցիչներից, հատկապես, եթե նրանք բարձրաստիճան հոգեւորականներ են, ակնկալում ենք լինել իմաստուն, ժուժկալ, չլինել իշխանություններին սպասարկող, արծաթասեր, քծնող: Հոգեւորականներից նման որակներ սպասելու հիմքեր ունենք. այդ մարդիկ սեփական կամքով ընտրել են Աստծո, հոգեւորի ճանապարհը: Եկեղեցու սպասավորների հանդեպ վերաբերմունքը, թերեւս, բոլոր դարերում էլ եղել է ոչ միանշանակ: Խորենացու «Ողբ»-ում պատմիչը պարզ ասում է. «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր»: Սա` Հայաստանում, 5-րդ դարում: Հիշենք Անիի անկումը 11-րդ դարում: Ունեցել ենք դավաճան կաթողիկոս` Պետրոս Ա Գետադարձը (ի դեպ, նրան Գետադարձ են կոչել, քանի որ կաթողիկոսին վերագրվում էր աղոթքով գետերի ընթացքը կանգնեցնելու շնորհ): Կաթողիկոսը Վեստ Սարգիսի հետ բյուզանդացիներին հանձնեց քաղաքի բանալիները:

14-րդ դարում գրված Բոկաչչոյի «Դեկամերոն»-ում կրոնավորները եւս երեւում են որպես ընչաքաղց, ժլատ, անառակ: Հիշենք Վերածննդի շրջանն ու կաթոլիկ եկեղեցու կողմից վաճառքի հանված ինդուլգենցիաները, որոնցով հավատացյալները կարող էին գնել իրենց մեղքերի թողությունը. վճարել գումար եւ ինդուլգենցիա ստանալով` հանդերձյալ աշխարհ մտնել մեղքերի մեծ բեռից մասնակի ազատ:

Հիշենք, թե Րաֆֆին ինչպես էր պայքարում կղերականության դեմ եւ թե ինչպես հրաշքով փրկվեց հենց կղերների վարձած մարդասպանի զոհը դառնալուց:

Ունենք շատ պատկառելի հոգեւորականներ, որոնք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին, ովքեր մեր կյանքի բոլոր իրադարձություններին մեր կողքին են:

Կան մարդկային թուլություններ` սերը իշխանության, «բարձր» հասարակության, շքեղ կյանքի, թանկարժեք ավտոմեքենաների, համեղ սննդի, գեղեցիկ կանանց, մոլախաղերի հանդեպ, որոնք, բարձր գիտակցության եւ մեծ ցանկության դեպքում, կարող են չափավորվել: Հատկապես` եթե խոսքը հոգեւորականի մասին է:

Բարձրաստիճան հոգեւորականների դեպքում գայթակղությունները շատ են: Դրանց դիմանալը՝ բարդ: Ու գիտակցել, թե մեղք ես գործում, բայց, այդուհանդերձ, զանց առնել պատվիրանները, հոգեւորականի համար հոգեբանական տառապանք է:

Բարձրաստիճան հոգեւորականության անձնական ողբերգությանն ամենից խոր անդրադարձել է Դոստոեւսկին՝ «Կարամազով եղբայրները» վեպում:

16-րդ դար, Սեւիլիա, ինկվիզիցիա: Աստծո Որդին ցանկանում է մարդկանց մեջ հայտնվել հենց մարդկային այն կերպարանքով, որով երեք տարի շրջում էր մարդկանց մեջ դրանից 15 դար առաջ: Նա հայտնվեց, ու բոլորը Նրան ճանաչեցին: Ժողովուրդը լալիս էր եւ համբուրում Նրա ոտնահետքերը: Նա մարդկանց էր մեկնում ձեռքերը, եւ կույրերը սկսում են տեսնել, հիվանդները բժշկվում են: Ու այդ ժամանակ հայտնվում է 90-ամյա կարդինալը` մեծ ինկվիզիտորը, եւ նրա թիկնազորը կալանավորում է Աստծո Որդուն եւ փակում խցում: Գիշերը կարդինալը գալիս է խուց եւ դիմում Նրան. «Դու անգամ իրավունք չունես ոչինչ ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել ես: Ինչո՞ւ ես եկել մեզ խանգարելու…»: Պե՞տք է մարդկանց այն ազատությունը, որ տվել է նրանց: Այդ ազատությունը ծանր բեռ է: Մարդկանց ազատություն հարկավոր չէ, հարկավոր են երջանկություն ու հանգստություն: Մարդիկ, Չարի ու Բարու միջեւ ընտրություն անելու ազատությունից սարսափած, իրենց անտանելի ազատությունը սիրով հանձնում են բարձրաստիճան հոգեւորականներին: «Եվ մենք կասենք, որ գործում ենք Քո անունով, հանուն Քեզ: Մենք կխաբենք այդ մարդկանց, քանի որ Քեզ արդեն մեզ մոտ չենք թողնի: Եվ այդ ստի մեջ կլինի մեր տառապանքը»:

Ինկվիզիտորը ժամանակին եւս անապատներում է ապրել, սնվել արմատներով, փորձել հաղթանակ տանել իր մարմնի վրա` ազատ եւ կատարյալ դառնալու համար, սակայն հանկարծ հասկացել է, որ այնքան էլ բարոյական չէ հասնել կատարելության, որ հասկանաս, թե Աստծո ստեղծած միլիոնավոր մարդիկ մնացել են անգիտության մեջ, որ նրանք երբեք ի վիճակի չեն լինի գլուխ հանել իրենց շնորհված ազատությունից: Դա հասկանալով` նա վերադարձավ անապատից:

Եվ ի՞նչ են անում նրանք` բարձրաստիճան հոգեւորականները. ստիպում են մարդկանց աշխատել, իսկ աշխատանքից ազատ նրանց ժամանակը լցնում են զվարճություններով: «Մենք թույլ կտանք բազմամիլիոն այդ ամբոխին մեղք գործել, եւ նրանք մեզ կսիրեն դրա համար, որ մենք նրանց թույլ ենք տվել մեղք գործել: Եվ կասենք, որ յուրաքանչյուր մեղք, որ կատարվել է մեր թույլտվությամբ, մեր համաձայնությամբ, կարելի է քավել: Իսկ այդ մեղքերի համար պատիժը վերցնում ենք մեզ վրա: Եվ ամբոխը կսկսի աստվածացնել մեզ այն բանի համար, որ Աստծո առաջ իրենց մեղքերի պատասխանատվությունը մենք ենք ստանձնում: Կլինեն հազարավոր միլիոն երջանիկներ եւ միայն հարյուր հազար վշտակիրներ, ովքեր իրենց վրա են վերցրել անեծքը` ճանաչել բարին ու չարը»: «Իմացիր, ես Քեզանից չեմ վախենում»,- ասում է կարդինալը Նրան. «Վաղն առավոտյան Քեզ կայրեն խարույկին, եւ Դու կտեսնես, թե ինչպես է ժողովուրդը փայտ ավելացնում կրակին»: Ինչո՞վ է ավարտվում այս պատմությունը: Աստծո Որդին լուռ մոտենում է կարդինալին ու համբուրում նրան: Կարդինալը այլայլվում է, բացում խցի դուռն ու ասում. «Գնա եւ այլեւս երբեք չգաս: Երբեք… երբեք»:

Ինչպե՞ս կընդունեն Աստծո Որդուն մեր այսօրվա՛ հոգեւորականները, եթե իրենց թանկարժեք ավտոմեքենաների պատուհանից հանկարծ տեսնեն Նրան: Կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել: Սակայն գուցե դրանց անհրաժեշտությունը չկա: Բավական է Իվան Կարամազովի պատմած այս առասպելը ուշադիր լսող Ալյոշայի արձագանքը.

- Քո այդ ինկվիզիտորը պարզապես Աստծուն չի հավատում, ահա եւ ողջ գաղտնիքը:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags