ԼՐԱԲԵՐ

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Հոմերոսի, Շեքսպիրի ժամանակ էլեկտրականություն չկար: Ու այնպես չէ, որ մարդիկ լավ էին գրում կամ մինչեւ այսօր անգերազանցելի են համարվում, քանի որ գրում էին մոմի լույսի տակ: Նրանց ժամանակ չկային ստեղծագործական միություններ: Արտիստները, որոնք խաղում էին Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնում, պետական  հովանավորություն չունեին: Նպատակ ունեի՞ն Հոմերոսն ու Շեքսպիրը կրթել «մատաղ սերնդին», պատմությունը լռում է:

Ստեղծագործող, իր գործով զբաղվող մարդու համար ամենեւին կարեւոր չէ՝ ով է երկրի նախագահը կամ վարչապետը, որքանով են կայացած քաղաքացիական ինստիտուտները կամ որքան է կոռուպցիայի մակարդակը: Նա ստեղծագործում է՝ քանդելով կարծրատիպը, որի անունը «բարձր մշակույթ» է:

Երբ մշակույթի գործիչները հանդիպում են երկրի ղեկավարին, նրանից ավանդաբար փող ու ուշադրություն են խնդրում: Մեկ էլ՝ որ թատերական կամ երաժշտական խմբերը պետական կարգավիճակ ստանան: Այսինքն՝ ֆինանսավորվեն բյուջեից: Դե, այնպես է պատահում, որ թատրոնի կամ համերգասրահի դահլիճը կիսադատարկ է, տոմսերը չեն վաճառվել: Այդ անհարմարությունը հնարավոր կլինի շտկել գոնե կանոնավոր աշխատավարձով:

Մշակույթի գործիչները վստահ են, որ հասարակությունն այնքան զարգացած չէ՝ գնահատելու արվեստը: Երկրի ղեկավարներն էլ ինչ-որ բան այնպես չեն անում, թե չէ ներկայացումներին ու համերգներին անշլագ կլիներ: Իսկ Վիգեն Չալդրանյանը կստանար «Օսկար»՝ տղամարդու լավագույն դերի, լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարիստի եւ անգամ երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանի նոմինացիաներում:

Մշակույթի գործիչները մտքով դեռեւս խորհրդային շրջանում են, որտեղ նոմենկլատուրա էին՝ իբրեւ ստեղծագործական ինտելիգենցիայի ներկայացուցիչներ՝ հանգստյան տներով, բարձր հոնորարներով …

Մշակույթի գործիչներն իրենց վերագրում են առաքելություն՝ դաստիարակելու «մատաղ սերնդին» ու հասարակությանը:

Խորհրդային ժամանակներում ձեւավորված մշակութային գործիչների հավակնոտ դերը` լինել ազգի առաքյալները, անկախության տարիներին արագորեն իրեն սպառեց: Անկախությունը ցույց տվեց հայ մտավորականների, մշակութային գործիչների համեստ, չափազա՛նց համեստ տեղը հասարակական կյանքում: Ավելի ստույգ` նրանք իրենց դերը խիստ սահմանափակեցին` վերածվելով պարզապես ինտելեկտուալների: Եվ մարդիկ հանկարծ պարզեցին, որ կյանքն այնքան էլ սարսափելի չէ առանց մշակույթի գործիչների: Մտավորականությունը կորցրել է իր խորհրդանշական կապիտալը` լինել որոշակի արժեքներ կրող մարդկանց համախումբ, որն ազդեցություն ունի հասարակության կարծիքի ու ճաշակի ձեւավորման գործում:

Հասարակական օրգանիզմը կամաց-կամաց կորցրեց իր ամենակարեւոր օրգանը` ուղեղը: Ուղեղի դերը ստանձնեցին ամենեւին ոչ մտածելու համար նախատեսված օրգաններ:

Թվում է՝ ժամանակի զգացողությունը մշակույթի գործիչների դեպքում անհամեմատ սուր է: Սակայն երեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ոչնչով չէր տարբերվում ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի հետ նմանատիպ հանդիպումներից:

Նրանք իրենց անձի մեծությանն  ու տաղանդին համարժեք ուշադրություն են ակնկալում եւ չստանալով՝ նյարդայնանում են: Մխիթարել նրանց կարող է բյուջեից ամեն ամիս տրվող աշխատավարձն ու իշխանությունների ուշադրությունը:

Իշխանությունների եւ «ստեղծագործական ինտելիգենցիայի» հարաբերությունները մեր երկրում հստակ են եղել. իշխանությունը ստեղծագործող մարդկանց վերաբերվել է որպես սպասարկող անձնակազմի: Ընդ որում՝ վերջինիս համաձայնությամբ:

Եվ լրիվ տրամաբանական էր՝ երբ ինչ-որ բան ստեղծագործող մտավորականության սրտով չէր, անմիջապես նամակներ էին գրվում: Նամակի տակ իրենց ինքնագրերն են դնում բոլոր նրանք, ովքեր վստահ են` նամակը ստանալուն պես ղեկավարն անհամբերությամբ ձեռքով կպատռի ծրարը ու կընթերցի հարգարժան ստորագրություններով հարուստ այդ գրությունը:

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նամակներով դիմող մտավորականները երեկ էլ նույն հարցով դիմեցին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պետք է փոխել հանրապետության խորհրդանիշները՝ գերբը, որի վրա պատկերված Արարատը ոչ այն է Արարատ է, ոչ այն է՝ Արագած, իսկ Նոյյան տապանը ՝ բիբլիական պատկառանք չներշնչող մակույկ: Գերբի վրայի երկգլխանի արծիվը ավելի շատ աղավնու է նման, իսկ առյուծն էլ անառողջ տեսք ունի, քանի որ բաշը նոսր է: Հիմնը ոգեւորիչ չէ, երաժշտությունն՝ անհաջող, պարզունակ:

Այն հարցերը, որոնք բարձրացնում են մշակույթի գործիչները երկրի ղեկավարների առաջ, գուցե կարեւոր, սակայն, խոշոր հաշվով, հասարակական կյանքի վրա որեւէ ազդեցություն չունեցող դետալներ են: Իրենց ողջ էներգիան սպառելով նման հարցերի վրա՝ այդ մարդիկ սպառում են ավելի խոշոր բան` սեփական հեղինակությունը:

Լինել մշակութային գործիչ, նշանակում է ընդունել սոցիալական վարքագծի որոշակի կանոններ` հարգանք մարդու հանդեպ, պատասխանատվություն հասարակության առաջ եւ լուրջ հեռավորություն իշխանություններից: Զգալի հեռավորություն՝ անգամ ամենալեգիտիմ իշխանությունից:

Երկրի ղեկավարներից ուշադրություն հայցելը պիտի որ մշակույթի գործչի համար նվաստացուցիչ լինի: Իրենց խնդիրներն անգամ սեփական տաղանդի միջոցով լուծելու մասին նրանք չեն էլ ուզում լսել: Զրուցում ես մշակույթի գործիչների հետ, նրանք թափ են տալիս ձեռքը` ի՞նչ եք ուզում մեզնից, մենք անզոր ենք, փող չունենք, պետական հովանավորություն չկա, ներկերը թանկ են եւ այլն:

Վարչապետի եւ մշակույթի գործիչների երեկվա հանդիպման տպավորությունն անուրախ էր: Հիշեցնում էր հայտնի ֆիլմի երկխոսությունը:

- Սա ժողովու՞րդն է:

- Սա ժողովուրդը չէ: Սա ավելի վատ է, քան ժողովուրդը: Սրանք քաղաքի լավագույն մարդիկ են:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags